Եղեգիսի բրդոտ հյուրերը. ինչպե՞ս կանխել նրանց «այցերը»

Ամեն երեկո՝ ժամը 8-ին, երբ սարերից քարերը գլորվում են, իսկ շները հաչում են, Վայոց Ձորի Եղեգիս գյուղի բնակիչները իմանում են, որ դիմացի ձորից արջը գյուղ է գալիս: «Մենք արդեն գիտենք, որ մեր արջ եղբայրը գյուղ է գալիս»,- կատակով ասում է 60-ամյա եղեգիսցի Գրետա Այվազյանը: Արջերն այս գյուղում իրենց արահետներն ու այցելության մշտական վայրերն ունեն:

Գրետա Այվազյանը Եղեգիսում ապրում է 1989-ից: Մեղվապահությամբ է զբաղվում: Այժմ 30 փեթակ ունի, բայց մտադիր է ավելացնել:

Տիկին Գրետան ցույց է տալիս իր փեթակները

Ասում է, որ արջերի ներթափանցումները Եղեգիս սկսվել են վերջին 10 տարիներին: Ըստ տիկին Գրետայի՝ գյուղի վերին ու ներքին թաղամասերը մշտական «այցելու» արջեր ունեն, որոնք տարբեր առանձնյակներ են:

-Մեր անսպասելի հյուրերն են,- ասում է տիկին Գրետան:

-Բայց լավ էլ սպասում եք, գիտեք, որ երեկոյան 8-ին գալու են:

-Չէ, դա գիտենք, բայց չգիտենք, թե որ թաղ են գնում, մեկ էլ տեսար՝ մեր թաղի հերթը շուտ-շուտ է գալիս,- ժպտում է մեր զրուցակիցը:

Արջերը Եղեգիս են իջնում Գայլեձոր լեռան լանջերով

2025-ի ամռանը Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից (FPWC) տիկին Գրետայի ընտանիքը էլեկտրական հովիվ է նվեր ստացել, որը տեղադրել են մեղվանոցի մոտ՝ արջերի մուտքը կանխելու համար: Եղեգիսի բնակիչը պատմում է, որ նախկինում արջը հասնում էր մինչեւ իրենց բակ, գլորում փեթակները, մի անգամ էլ հաջողացրել էր շրջանակով մեղր ուտել: Մեկ այլ էլեկտրական հովիվ Գրետա Այվազյանի ընտանիքը ձեռք է բերել համավճարով. այն տեղադրել են տնից հեռու՝ հողամասում:  

Էլեկտրական հովիվը՝ փեթակների հարեւանությամբ

Տիկին Գրետան նկատում է, որ իրենց բակում տեղադրված էլեկտրական հովիվի հոսանքահարումից (ոչ մահացու) վախենալով՝ արջերն անցյալ տարվանից փոխել են իրենց երթուղին:

-Մեր հարեւանի տան հետեւով արահետ կա, էնտեղով են բարձրանում, հասնում մեր բակ, բայց մեղվանոց չեն մտնում,- նշում է «Հետքի» զրուցակիցը:

-Իսկ ինչի՞ համար են արջերը գյուղ իջնում:

-Անտառներում կեր չկա, կենդանին էլ ուտելու, ապրելու պահանջ ունի: Էն ժամանակներում անասունների լեշեր էին մնում անտառներում, կենդանին սնվում էր, հիմա դա չկա: Էնքան հէկեր սարքեցին, ջրերը տարան, որ անտառի հատապտուղները չորացան: Մեր գյուղում ամեն տուն ամենաքիչը մի 5 կով ու 20-30 ոչխար ուներ, հիմա ամբողջ գյուղում 30 կով է մնացել, երկու տնտեսություն էլ 100 հատով ոչխար են պահում, վերջ, էլ անասուն չկա գյուղում,- բացատրում է եղեգիսցի կինը:

-Իսկ ինչու՞ անասուն չեն պահում:

-Անասուն չեն պահում, որովհետեւ թանկություն է, իրենց եկամուտը չեն կարողանում ստանալ: Գյուղից մի քիչ վերեւ 10 հա խոտհարք ունենք, ու ինձ նման շատերը չեն գնում հնձեն:

Գրետա Այվազյանը մասնակցում էր Վայոց Ձորի մեղրի առաջին փառատոնին՝ «Եղեգիս ֆեստին»

-Ո՞վ է մեղավոր մարդ-արջ կոնֆլիկտում՝ մա՞րդը, թե՞ արջը:

-Մարդը. իմ կարծիքը տենց է: Իմ վրա օրինակ բերեմ: Որ ամբողջ օրը սոված եմ լինում, գալիս եմ տուն, մի կտոր հաց եմ ուտում, բա իրենք էլ պիտի ուտեն, եթե բնությունն իրենց ստեղծել է:

-Ո՞նց պիտի լուծվի էս կոնֆլիկտը:

-Դե, արդեն բնապահպանները թող մտածեն, ես չգիտեմ:

Եղեգիսի հարեւան Շատին գյուղի բնակիչ Ասյա Հարությունյանը համամիտ է, որ մարդ-արջ կոնֆլիկտում մարդն է մեղավոր:

76-ամյա տիկին Ասյան ասում է, որ իրենց տան դիմացի սարից արջը քոթոթների հետ գյուղ է մտնում երեկոյան: Ցույց է տալիս փողոցի մյուս մայթը՝ հարեւանի մեծ թթենին, ասում է՝ արջը հասնում է մինչեւ այդ այգի, թութը թափ տալիս, ուտում, գնում: Ավելացնում է, որ եթե մի քիչ սպասենք, մենք էլ կտեսնենք արջերին:

«Արջերի» թթենին

Շատինում արջերի ներթափանցումներն սկսել են նկատել մոտ 8 տարի առաջ: «Հետքի» զրուցակիցն ասում է, որ իրենց բակ միայն այս տարի չեն մտել:

-Մի երկու տարի առաջ էր, իջա, որ ներքեւում կանաչի քաղեմ, եկավ, կանգենց դիմացս: Ասեցի՝ վայ, թաղեմ քեզ, ի՞նչ ես ուզում ինձնից, մեկ էլ տեսա՝ գնաց: Ես հետ-հետ գնացի, ինքն էլ փախավ գնաց,- պատմում է շատինցի կինն ու հավելում,- բայց արջերը սիրուն են, չէ՞: Ասում են, որ եթե իրենց վնաս չտանք, մեզ չեն վնասի:

-Բայց ասում են, որ Շատինում մարդիկ արջերին չեն սիրում:

-Որ չսիրենք, ի՞նչ պիտի անենք:

-Սպանեք:

-Ո՞նց կարելի է սպանել, իսկի մրջյունին չի կարելի սպանել: Ամեն օր արջը գալիս է մեր դարպասի դիմաց՝ թթի ծառի մոտ: Մենք հանգիստ դուրս ենք գալիս, ի՞նչ ա եղել: Եթե օձին էլ վնաս չտաք, ինքը վնաս չի տա:

-Այսինքն՝ սովորե՞լ եք կողք-կողքի ապրել:

-Ապրես, ի՞նչ պիտի անի մեզ:

Իրազեկող վահանակ՝ Շատինում

-Մարդ-արջ կոնֆլիկտում ո՞վ է մեղավոր՝ մա՞րդը, թե՞ արջը:

-Բայց ինչ հետաքրիքր հարցեր ես տալիս: Դե, արջն էլ պիտի ուտի, ձագերին պիտի պահի: Էս թթի ծառի տակ մեր հարեւանը մի երկու տարի մեղր էր տանում դնում, արջն ուտում էր:

Եղեգիսից Գրետա Այվազյանը նշում է, որ այս տարի իրենց գյուղի աղբարկղերի վրա ցանցեր էին դրել, որ արջերն աղբի մեջ սնունդ փնտրելու համար չտապալեն դրանք, բայց ցանցերը չեն օգնել:

FPWC-ի հիմնադիր-տնօրեն Ռուբեն Խաչատրյանը նշում է, որ Հայաստանում առաջին անգամ ներդրվելու են հատուկ աղբարկղեր, որոնք միայն մարդը կարող է բացել-փակել:

Մի քանի գործողությամբ բացվող-փակվող աղբարկղի ցուցանմուշ՝ «Եղեգիս ֆեստում»

Դրանք տեղադրվելու են նախկին Եղեգիս համայնքի 10 վայրերում (Եղեգիսը խոշորացված համայնք էր 2017-2026 թթ.: Այն ներառում էր Վարդահովիտ, Հերմոն, Գողթանիկ, Եղեգիս, Արտաբույնք, Հորբատեղ, Շատին, Հորս, Սալլի, Թառաթումբ, Քարագլուխ, Աղնջաձոր, Սեւաժայռ, Կալասար, Գետիկվանք եւ Արատես գյուղերը: Համայնքի կենտրոնը Շատին գյուղն էր: 2026 թ. հունիսին «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում կատարված փոփոխություններով Եղեգիսը միացվել է Եղեգնաձոր համայնքին, որի կենտրոնը Եղեգնաձոր քաղաքն է՝ Վայոց Ձորի մարզկենտրոնը):

-Եթե մարդիկ շատ սրտացավ մոտենան այս խնդրին, վստահ ենք՝ արջերի մուտքը համայնքներ կչքանա, որովհետեւ արջը հիմնականում ինչի՞ համար է գալիս գյուղ՝ սննդի,- նկատում է Խաչատրյանը:

Նա նշում է, որ աղբարկղերի նորամածության նկատմամբ մարդիկ նախապես թերահավատ են: Այդպես է եղել նաեւ այն ժամանակ, երբ FPWC-ն սկսել է էլեկտրական հովիվներ նվիրել գյուղացիներին, որ նրանք կանխեն արջերի մուտքն իրենց մեղվանոցներ ու այգիներ: Ըստ Ռ. Խաչատրյանի՝ մարդիկ, տեսնելով ու հասկանալով այդ սարքերի արդյունավետությունը, անցան դրանց կիրառությանը:

Էլեկտրական հովիվի ցուցանմուշ՝ «Եղեգիս ֆեստում» 

FPWC-ի հիմնադիր-տնօրենն ասում է, որ առաջին 10 հատուկ աղբարկղերը կնվիրեն այն պայմանով, որ համայնքը հասկանա, որ իր բյուջեից պետք է հատկացումներ անի՝ նման աղբամաններ ձեռք բերելու համար:

-Այն համայնքերում, որտեղ կա հարուստ կենսաբազմազանություն եւ արջերի ակտիվություն, պարտադիր պետք է ունենան միայն նմանատիպ աղբամաններ, ուրիշ ոչ մի բան չի կարող աշխատել: Ժամանակն է, որ այդ գրագիտությունը, մոտեցումը տեղ գտնի ավագանիների, վարչական ղեկավարների շրջանում, որ հասկանան՝ թեկուզ մի փառատոն կարող են պակաս անել, բայց այդ աղբամանները ձեռք բերեն,- ասում է Ռուբեն Խաչատրյանը:

Ըստ նրա՝ եթե տեխնոլոգիաները եկել են օգնության, ապա մարդիկ պետք է օգտվեն այդ հնարավորությունից:

-Մարդը պետք է հասկանա, որ բացի մեղվի փեթակներ առնելուց, կարեւոր են նաեւ պաշտպանիչ միջոցառումները, այլ ոչ թե վնաս կրելուց հետո բողոքելը, թե պետությունը, համայնքը չի օգնում: Որոշ դեպքերում, ինչը շատ աբսուրդային է, զանգում են մեզ՝ որպես բնապահպանական կառույցի, ասում են՝ եկեք հավաքեք, տարեք ձեր արջերին, թե չէ կսպանենք: Համայնքի հետ պետք է աշխատել, եւ նմանատիպ միջոցառումները պետք է շատ լինեն, որ մարդիկ հասկանան ամեն նոր բան,- նշում է FPWC-ի հիմնադիր-տնօրենը:

Ռ. Խաչատրյանի ասելով՝ ամենակարեւորն այն է, որ մարդ հասկանա, թե ինչպես կարելի է ներդաշնակ ապրել բնության մեջ, մասնավորապես՝ ճիշտ կազմակերպել իր կենցաղը, գործուենությունը, որպեսզի հնարավորինս քիչ վնաս հասցնի շրջակա միջավայրին: Վերջերս Վայոց Ձորի մարզի Հորս գյուղում կազմակերպված մեղրի փառատոնը՝ «Եղեգիս ֆեստը», ըստ FPWC-ի ղեկավարի, հենց այդ համակեցությանն ու պատկերացումներին էր նվիրված:

Տես նաեւ՝

Առաջին նկարում՝ էկրանապատկեր Վայոց Ձորում տեղադրված ֆոտոթակարդի տեսանյութից



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment