Գարեգին Բ-ն դատական գործընթացը անիմաստ է անվանել – armeniatoday.am

Իշխանությունների և իշխանական կառույցների կողմից քայլեր են ձեռնարկվում Եկեղեցու հեղինակությունը վնասելու, նրա ինքնավարությունը սահմանափակելու և այն իրենց կամքին հպատակեցնելու համար՝ «քաղաքական ժամանակավոր նպատակահարմարություններ» սպասարկելու նպատակով, Մայր Տաճարում միասնական աղոթքից հետո հավատացյալներին ուղղված խոսքում հայտարարել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն։

Հեռարձակումը վարել է Armenia Today-ը իր YouTube ալիքում։

Նրա խոսքով՝ այդ գործողությունները նպատակ ունեն սպասարկել «քաղաքական ժամանակավոր նպատակահարմարություններ»։

Գարեգին Բ-ն իր և Գերագույն հոգևոր խորհրդի վեց եպիսկոպոսների նկատմամբ սկսված դատական գործընթացը անվանել է «անիմաստ»՝ այն որակելով ապօրինի և շինծու։

Կաթողիկոսն անդրադարձել է նաև Հայ Առաքելական Եկեղեցու և հոգևորականների նկատմամբ հարուցված քրեական գործերին, ինչպես նաև մի շարք եկեղեցականների, ազգային բարերարի և եկեղեցասեր անձանց նկատմամբ կիրառված կալանքներին ու ազատության սահմանափակումներին։

Նա նշել է, որ իր և Գերագույն հոգևոր խորհրդի վեց անդամների՝ երկու արքեպիսկոպոսների և չորս եպիսկոպոսների դեմ հարուցված գործով առաջին դատական նիստը չի կայացել՝ դատավորի ինքնաբացարկի պատճառով։

«Մենք լեցուն ենք հավատով և վճռականությամբ՝ պաշտպանելու մեր արդար իրավունքները, որոնք երաշխավորված են ինչպես մեր պետության Սահմանադրությամբ, այնպես էլ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներով»,– հայտարարել է Կաթողիկոսը։

Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել հավատացյալներին, ազգային և հասարակական կազմակերպություններին, փաստաբաններին, գիտական, կրթական, մշակութային ու քաղաքական գործիչներին՝ Մայր Եկեղեցուն ցուցաբերած աջակցության համար։

Նա կոչ է արել լինել սթափ, չտրվել սադրանքների և պահպանել ազգային միասնությունն ու համերաշխությունը։

Leave a Comment