Դատախազությունը մի շարք ապօրինություններ է հայտնաբերել Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի կողմից Արարատ քաղաքում գտնվող մարզադպրոցի և հարակից հողամասի ձեռքբերման գործընթացում, հայտնել է ԳԴ-ն։
Դատախազության վարկածով՝ համայնքի նախկին ղեկավար Ա.Բ.-ն 2008 թվականի դեկտեմբերի 12-ի որոշմամբ առանց իրավական հիմքերի «վերականգնել» է Կոլխոզնիկների 32 հասցեում գտնվող մարզադպրոցի զբաղեցրած 473 քմ մակերեսով հողամասի հողահատկացման հիմքերը։ Այնինչ, նշված գույքը երբևէ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի հաշվեկշռում հաշվառված չի եղել, և ընկերությունը դրա նկատմամբ օգտագործման իրավունք չի ունեցել։
«Արարատցեմենտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Լ.Հ.-ն Կադաստրի պետական կոմիտեի Վեդու տարածքային ստորաբաժանում է ներկայացրել կեղծ տեղեկանք այն մասին, թե մարզադպրոցը հանդիսանում է ընկերության սեփականությունը և հաշվառված է նրա հաշվեկշռում, պատմել է գերատեսչությունը։
Ըստ հայտարարության՝ կեղծ տեղեկանքի և համայնքի ղեկավարի որոշման հիման վրա՝ 2008 թվականի դեկտեմբերի 22-ին Կադաստրի կոմիտեում գրանցվել է ընկերության սեփականության իրավունքը 301,20 քմ մակերեսով մարզադպրոցի և 473 քմ հողամասի նկատմամբ։
Հայտնաբերված առերևույթ հանցագործության դեպքի առթիվ 2026 թվականի օգոստոսի 6-ին դատախազը հանցանքի մասին հաղորդում է հանձնել Հակակոռուպցիոն կոմիտե։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ծառուկյանի միջև հեռակա բանավեճ էր սկսվել 2026-ի ԱԺ ընտրությունների նախընտրական փուլում։ Փաշինյանը հայտարարել էր, որ «միլիարդատեր» քաղաքական գործիչները պետք է սնանկանան՝ նկատի ունենալով նաև Ծառուկյանին։ Այս ընթացքում Փաշինյանը հայտարարել էր նաև «Արարատցեմենտը» պետության վերահսկողության տակ վերցնելու մասին, ինչից հետո ընկերությանն առնչվող վարույթներ էին նախաձեռնվել։
Հակաոռուպցիոն դատարանը, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, որոշում էր կայացրել «Արարատցեմենտ»-ը հանձնել ՀՀ կառավարմանը՝ ի դեմս Էկոնոմիկայի նախարարության։
