Հայաստանում և Սփյուռքում գործող քաղաքական, հասարակական ու եկեղեցական կառույցները դատապարտել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումն ու դատական գործընթացը՝ այն գնահատելով որպես Հայ Առաքելական Եկեղեցու ինքնավարությանը պետական միջամտություն և կրոնական ազատության ու սահմանադրական երաշխիքների խախտում։
Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը Հայաստանի իշխանություններին կոչ է արել հարգել Սահմանադրությամբ երաշխավորված Հայ Առաքելական Եկեղեցու ինքնավարությունը և ձեռնպահ մնալ եկեղեցու ներքին ու կանոնական գործերին միջամտելուց։
Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը և Թեմական խորհուրդը հայտարարել են, որ Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդումն վերաբերում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներքին կարգապահական, վարչական և եկեղեցական իրավասությանը։ Նրանք զգուշացրել են, որ Եկեղեցու ներքին կառավարման հարցերով նրա հոգևոր առաջնորդի նկատմամբ քրեական հետապնդումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել կրոնական ազատության պաշտպանության տեսանկյունից։
«Պետական իշխանությունները պարտավոր են հարգել կրոնական կառույցների ինքնավարությունն ու ներքին անկախությունը»,- ասված է հայտարարությունում։
Հայ Առաքելական Եկեղեցու մի խումբ եպիսկոպոսներ դատական գործընթացը գնահատել են Եկեղեցու կանոնական ինքնավարության և պետություն-Եկեղեցի հարաբերությունների համատեքստում։
«Մենք համոզված ենք, որ նման բարդ ու զգայուն հարցերը չեն կարող ստանալ արդար ու կայուն լուծումը իրավական ճնշումների, քրեական հետապնդումների, սուր առճակատման կամ Եկեղեցու ներքին կյանքին միջամտության միջոցով», – նշել են եպիսկոպոսները։
Արգենտինայի հայկական հաստատությունները Հայաստանի իշխանություններին կոչ են արել դադարեցնել Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ, իրենց ձևակերպմամբ, «թշնամական գործողությունները»։
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հայտարարել է, որ Հայաստանը «առերեսվում է հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբեր, պատմական նախադեպը չունեցող փաստին»։ Դաշնակցությունը գործընթացը կապել է Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ իշխանությունների քաղաքականության հետ և աջակցություն հայտնել Կաթողիկոսին ու Եկեղեցուն։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը հայտարարել է, որ պետական իշխանության կողմից քրեական հետապնդման գործիքակազմի կիրառումը Եկեղեցու նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով «Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի, իրավական պետության և կրոնական ազատության հիմնարար սկզբունքների ոտնահարում է»։
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը պետական ինստիտուտներից պահանջում է ապահովել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և միջազգային իրավունքի նորմերով երաշխավորված կրոնի ազատության և կրոնական կազմակերպությունների ինքնավարության լիարժեք պաշտպանությունը», – նշված է հայտարարության մեջ։
«Միասնության թևեր» կուսակցության գնահատմամբ՝ գործի ձևական առարկան դատական ակտի կատարմանը ենթադրյալ խոչընդոտելն է, սակայն դրա բովանդակային հարցը վերաբերում է աշխարհիկ դատարանի իրավազորության և Հայ Առաքելական Եկեղեցու կանոնական ինքնավարության սահմաններին։
«Քաղաքական իշխանությունն իրավունք չունի քրեական հետապնդման միջոցով միջամտելու Եկեղեցու ներքին կանոնական կյանքին, որոշելու հոգևորականների կարգավիճակը կամ իր քաղաքական նպատակներին համապատասխան վերաձևավորելու Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարությունը»,- նշել է կուսակցությունը։
«Միասնության թևեր»-ը պահանջել է դադարեցնել Եկեղեցու նկատմամբ քաղաքական ճնշումը, բացառել գործադիր իշխանության ցանկացած միջամտություն դատական գործընթացին և հարգել Եկեղեցու սահմանադրորեն պաշտպանված ինքնավարությունը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները հայտնել են, որ օգոստոսի 7-ին կլինեն Վաղարշապատի դատարանի շենքի մոտ՝ հաջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևորականների։
Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը զուգահեռ է անցկացրել Թուրքիայի դիրքորոշման հետ՝ նշելով, որ Անկարան Ալ-Աքսա մզկիթի նկատմամբ ցանկացած ոտնձգություն դիտարկում է որպես թուրք ժողովրդի արժեքների դեմ ուղղված քայլ։
«Իսկ մեզ՝ հայերիս, որոնք 35 տարվա պետականություն ունենք, կհարգե՞ն արդյոք այն բանի համար, որ մեր իսկ պետական համակարգն է ոտնահարում մեր ազգային Եկեղեցու ներքին կարգը»,- գրել է Զաքարյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ հարգանքն աշխարհում ավելի մեծ կլինի, եթե կառավարությունը «ոչ միայն չխաթարի Հայ Եկեղեցու ինքնավարությունը, այլ նաև տեր կանգնի Արցախում անարգվող հայկական քրիստոնեական ահռելի ժառանգությանը»։
Ամերիկայի Հայ Եկեղեցու Արևելյան թեմի առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը և Թեմական խորհուրդը խոր մտահոգություն են հայտնել Գարեգին Բ-ի նկատմամբ քրեական հետապնդման առնչությամբ՝ ընդգծելով, որ գործը վերաբերում է Հայ Եկեղեցու ներքին կառավարման հարցերին։
«Եկեղեցու կառավարման, կարգապահության և առաջնորդության վերաբերյալ հարցերը պատշաճ կերպով պատկանում են Եկեղեցու սեփական կանոնական կարգին։ Կարծում ենք, որ եկեղեցական կառավարման հարցերը աշխարհիկ դատարանների առջև ներկայացնելը հակասում է դարավոր նախադեպերին և Հայ Եկեղեցու ինքնակառավարման իրավունքի սահմանադրական ճանաչմանը»,- ասված է հայտարարությունում։
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն դատապարտել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների նկատմամբ իրականացվող դատական գործընթացը՝ այն անվանելով «անընդունելի և դատապարտելի»։
Նա Հայաստանի իշխանություններին կոչ է արել հարգել ինչպես երկրի օրենքները, այնպես էլ Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կանոնական կարգն ու ինքնավարությունը։
Միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը անվանել է օգոստոսի 7-ը կարող է հայոց պատմության մեջ որպես «վտանգավոր շրջադարձի օր»։ Նրա խոսքով՝ տեղի ունեցողը «շարքային դատական նիստ չէ», այլ հարված է սահմանադրական կարգին և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին։
«Երբ պետական դատական ապարատը վերածվում է հոգևոր առաջնորդի դեմ քաղաքական ճնշման և հետապնդման գործիքի, արդարադատությունն ուղղակի դադարում է գոյություն ունենալ»,- գրել է Ամստերդամը։
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) կոչ է արել կասեցնել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ հարուցված քրեական գործը՝ ընդգծելով Հայ Առաքելական Եկեղեցու անկախության և ներքին ինքնավարության պահպանման անհրաժեշտությունը։
«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ազգային ինքնության, միասնության և հոգևոր շարունակականության հիմնարար հենասյուներից է», – նշել է ՀԲԸՄ-ն։
Քննադատությունով է նաև հանդես եկել ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմը և «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը։
ՀՀ գլխավոր դատախազությունը փետրվարի 14-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ հռչակված Արման (Գևորգ) Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով։ Այդ ժամանակ Կաթողիկոսի նկատմամբ կիրառվել էր նաև բացակայելու արգելք, որը դատարանն ապրիլի 10-ին վերացրել էր։
Armenia Today-ը հայտնել էր, որ հուլիսի 27-ին դատախազը հաստատել էր Գարեգին Բ-ի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեց եպիսկոպոսների գործով մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Նրանց նույնպես մեղադրանք է առաջադրվել դատական ակտի կատարմանը խոչընդոտելու հոդվածով։
