Փաշինյանը հայտարարել է ԵԱՏՄ-ում առևտրային խոչընդոտների վերացման անհրաժեշտության մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) բոլոր անդամ պետությունները պետք է ունենան բիզնես վարելու հավասար և ոչ խտրական պայմաններ։ Այս մասին նա ասել է Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում։ Ելույթի հեռարձակումն իրականացրել է Armenia TodayYouTube-յան ալիքը։

Վարչապետի խոսքով՝ ԵԱՏՄ հիմնարար սկզբունքները, այդ թվում՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը, գործնականում լիարժեքորեն չեն իրականացվում, ինչը բացասաբար է անդրադառնում միության ընդհանուր աշխատանքի վրա։

«Առանձին սահմանափակումներն ու վարչարարական միջոցները շարունակում են խոչընդոտել ընդհանուր շուկայի լիարժեք գործունեությանը՝ նվազեցնելով բիզնես վարելու պայմանների կանխատեսելիությունը և ինտեգրացիոն գործընթացների արդյունավետությունը»,- հայտարարել է վարչապետը։

Նա ընդգծել է, որ Հայաստանն ապահովում է բարենպաստ, հավասար և ոչ խտրական պայմաններ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների բիզնեսի համար և ակնկալում է, որ նույնանման մոտեցում կկիրառվի միության ամբողջ տարածքում։

Վարչապետը նախազգուշացրել է, որ նման հարցերի անտեսումը կարող է ոչ միայն դանդաղեցնել ԵԱՏՄ հետագա զարգացումը, այլև բացասաբար ազդել միության նկատմամբ քաղաքացիների և բիզնեսի վերաբերմունքի վրա։ Նրա խոսքով՝ առաջացող առևտրային խոչընդոտները դառնում են ոչ թե առանձին երկրի, այլ ամբողջ միության խնդիրը, որոնք անհրաժեշտ է ժամանակին վերացնել։

«2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ ընդհանուր բյուջե է փոխանցել մոտ 319 միլիոն դոլարի մաքսատուրք, մինչդեռ հօգուտ հանրապետության բաշխված միջոցների ծավալը կազմել է մոտ 175 միլիոն դոլար։ Այսպիսով, Հայաստանը միության ընդհանուր բյուջե մուծել է նշանակալիորեն ավելին, քան ստացել է, ինչը մեր պատասխանատու դիրքորոշման ուղղակի հաստատումն է»,- նշել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ պետությունների ապրանքների և ծառայությունների խոշոր սպառող է։ 2025 թվականին միության երկրներից ներմուծումը կազմել է մոտ 5 միլիարդ դոլար, մինչդեռ հայկական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ շուկա՝ մոտ 3,2 միլիարդ դոլար։

Միևնույն ժամանակ, վարչապետը նշել է, որ ԵԱՏՄ անդամ պետությունների հետ համագործակցության ամրապնդումը մնում է Հայաստանի արտաքին քաղաքական և արտաքին տնտեսական առաջնահերթություններից մեկը, և այդ կուրսն իր արտացոլումը կգտնի նոր կառավարության ծրագրում։

Մայիսի վերջից և հունիսի սկզբից Մոսկվան արգելել էր Հայաստանից ծաղիկների, մրգերի, բանջարեղենի և չրերի ներմուծումն ու տարանցումը ՌԴ, ինչպես նաև պահանջել էր կասեցնել ձկնամթերքի և ձկան անասնաբուժական սերտիֆիկատների ձևակերպումը և հայտնել անորակ ալկոհոլային արտադրանքի հայտնաբերման մասին։ Սահմանափակումները կգործեն մինչև հայկական կողմը մշակի անվտանգության ապահովման համապատասխան ընթացակարգ։ Հուլիսի 27-ից սահմանափակվել էր նաև կաթնամթերքի ներմուծումը ՌԴ։

Փաշինյանը հուլիսի 29-ին հայտարարել էր, որ հայկական ապրանքների մատակարարումների նկատմամբ կիրառվող սահմանափակումները վկայում են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) փաստացի «կաթվածահար» վիճակի մասին։

Leave a Comment