Օգոստոսի 2-ից նոր գումարման ԱԺ-ն սկսել է իր նիստերը։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ քննադատել էր խորհրդարանական նախկին ընդդիմությանը՝ նշելով, որ նրանք Ազգային ժողովում սուր, քաղաքակիրթ հակադրության օրակարգ երբեք չեն ունեցել։
Թեմայի շուրջ Radar Armenia-ի զրուցակիցն է Անահիտ Ադամյանը։
– «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ նախորդ խորհրդարաններում իշխանության և ընդդիմության միջև չի ձևավորվել քաղաքակիրթ քաղաքական հակադրության մշակույթ։ Համաձա՞յն եք այս գնահատականի հետ։
Չեմ կարծում, որ ընդամենը հինգ օրվա պատգամավորը բավարար փորձ և նախորդ խորհրդարանների գործունեությունն ուսումնասիրելու ժամանակ է ունեցել՝ որևէ գնահատական տալու համար։
«Քաղաքակիրթ քաղաքական հակադրության մշակույթ» ձևակերպումը չափազանց անորոշ է՝ հստակ որակում տալու համար։
– Ի՞նչ եք ակնկալում նոր խորհրդարանում ընդդիմադիր ուժերի փոխհարաբերություններից։ Կարծո՞ւմ եք՝ նրանք կկարողանան համագործակցել կարևոր հարցերի շուրջ։
Ոչինչ չեմ ակնկալում ընդհանրապես ընդդիմադիր ուժերից։ Այս մի քանի օրվա ելույթները հաստատեցին այն, ինչ «Հանրապետությունը» պնդում էր դեռ այն ժամանակ, երբ «Ուժեղ Հայաստանը», իրենց խոսքով, ապաքաղաքական շարժում էր։
Հետխորհրդային տարածքում ընտրություններին Կրեմլի միջամտության մեթոդների ու միջոցների պարզ համադրումն ի հայտ է բերում նույն օրինաչափությունները։ Հայաստանում էլ Կրեմլից ղեկավարվող որևէ ուժ ինքնուրույն որոշում չի ընդունում ոչ իր գործունեության, ոչ այլ ուժերի հետ համագործակցության կամ պայքարի վերաբերյալ։ Օգոստոսի 2-ից հնչող ելույթները վկայում են միասնական սցենարի մասին, որտեղ լավ դերաբաշխում է կատարված, և բարձրաձայնվում են տեսակետներ, որոնք միանշանակ պաշտպանում են ռուսական քաղաքական ուղեգիծը և ուղղված են Հայաստանի Հանրապետության դեմ։
Մեզ փորձում են ուղղակի և անուղղակի բախման տանել թե Թուրքիայի, թե Ադրբեջանի հետ, որովհետև ՌԴ գերխնդիրը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը թույլ չտալն է (ծայրահեղ դեպքում՝ միմիայն Մոսկվայում և ՌԴ պայմաններով), TRIPP-ը ձախողելն է, հայ-թուրքական սահմանի բացումը արգելակելն է։ Հենց այս նպատակներին են ծառայում ու ծառայելու խորհրդարանում հայտնված «Հայաստանը» և «Ուժեղ Հայաստանը»։
– Եթե ընդդիմադիր ուժերի միջև առաջանան տարաձայնություններ, ո՞վ է, ըստ Ձեզ, պատասխանատվություն կրելու ընդդիմության միասնականության խաթարման համար։
Եթե հետևել եք ընտրարշավին, տարաձայնությունները վաղուց կան և բուռն դրսևորվել են, հիմա նոր չեն առաջանալու։ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստանը» կորցրել է մանդատների կեսը, որովհետև Մոսկվայի ուղեգրով Հայաստան է եկել Սամվել Կարապետյանը։ Իսկ Սամվել Կարապետյանի ուղեգրումը Հայաստան պայմանավորված էր այն ակնհայտ իրողությամբ, որ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած քաղաքական ուժը սեփական «քոքը» մաշել էր և ի զորու չէր լուծել Կրեմլի առաջադրած խնդիրը՝ հեղաշրջում ընտրությունների միջոցով։
Կրեմլի պլան Ա-ն տապալվեց, բայց գործեց պլան Բ-ն՝ խորհրդարանում ռուսական մեծ ներկայացվածությունը, որը փորձելու է ձախողել Հայաստանի Հանրապետության շահերից բխող որևէ խնդրի լուծում։ Այս իրավիճակում խոսք իսկ լինել չի կարող ընդդիմության միասնականության խաթարման, առավել ևս՝ խաթարման պատասխանատվության մասին։
– Քաղաքական նոր մշակույթի մասին հայտարարությունները որքանո՞վ են իրատեսական, եթե պահպանվում են նախկին փոխադարձ քննադատություններն ու անվստահությունը։
Բարեկրթության առաջարկը ՔՊ-ի քայլն էր, քայլ, որին, թերևս, իրենք էլ չէին հավատում՝ 8-րդ գումարման խորհրդարանի փորձն ունենալով։ Այնուամենայնիվ, դա կարևոր և սկզբունքային առաջարկ էր, որովհետև «Դու հիմար ես», «Հիմարը դու ես» պայմանական բանաձևով հնգամյակն ևս հինգ տարի շարունակելը վտանգավոր է պետության համար։
Խորհրդարանական կառավարման մոդելով երկրում խորհրդարանը պետք է ոչ թե փոխադարձ քննադատությունների, հիմա՝ փոխհարաբերությունների պարզաբանման, փոխադարձ մեղադրանքների հարթակ լինի, այլ՝ արդյունավետ կառավարման, պետության զարգացման ուղիների հաստատման ու ինքնիշխանության օրենսդրական ամրակայման և քաղաքական մթնոլորտի փոփոխության վայր։
Ցավոք, դա չի վերաբերելու 9-րդ գումարման ԱԺ-ին, որը, համադրելով աշխարհաքաղաքական զարգացումները և խորհրդարանում ուժերի համամասնությունը, ամենայն հավանականությամբ, չի գործելու իր մանդատի ողջ ժամկետով՝ հինգ տարի։ Ինչ-որ պահից անխուսափելի են լինելու արտահերթ ընտրությունները, որովհետև ԱԺ-ն, իբրև ներկայացուցչական մարմին, չի համապատասխանում հասարակության տրամադրություններին ու պահանջներին։
– Ի՞նչ չափանիշներով եք գնահատելու, թե արդյոք նոր խորհրդարանում իսկապես ձևավորվել է քաղաքական նոր մշակույթ։
Քաղաքական նոր մշակույթ չեն կարող ձևավորել բացարձակապես ՀԻՆ ուժերը, որոնք լուծում են ՀԻՆ խնդիրներ։
– Այս փուլում ավելի շատ տեսնո՞ւմ եք ընդդիմադիր ուժերի միջև համագործակցության, թե՞ մրցակցության նախադրյալներ։
Մրցակցել կարող են միայն մեկ ասպարեզում՝ ո՞վ է ավելի լավ ծառայում ցարին։ Համագործակցության դատապարտված են ցարի հրամանով։
– Ի՞նչ խորհուրդ կտայիք նոր խորհրդարան մտնող քաղաքական ուժերին, որպեսզի քաղաքական բանավեճը լինի սկզբունքային, բայց չվերածվի անձնական հակամարտության։
Ոչ մի։ Նրանք, միևնույն է, որևէ խորհրդի ոչ կարիք ունեն, ոչ էլ հետևելու են։ Խորհրդարանը բանավեճի հարթակ չէ, խորհրդարանում պետք է գործեն ծրագրերը՝ ներկայացվող օրինագծերի տեսքով։ Ծրագրերի հիմքում պետք է լինեն կոնկրետ խնդրի կոնկրետ լուծումներ։ Բայց ՀՀ ԱԺ-ի դեպքում քաղաքական բանավեճերը մտել են խորհրդարան՝ անձնական հակամարտության տեսքով, որովհետև տասնամյակներով քաղաքականությունն անձնավորված է եղել, և չես կարող քննարկել, օրինակ, ՌԴ-ին կոնցեսիոն կառավարման հանձնված երկաթուղու համաձայնագրի վերանայման հարցը՝ առանց անդրադառնալու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձին։
Նույնը՝ Իրան-Հայաստան գազատարի կարգավիճակի դեպքում։ Նույնը՝ «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրի դեպքում։ Չես կարող քննարկել ՌԴ 102-րդ ռազմաբազայի կարգավիճակի հարցը՝ առանց անդրադառնալու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անձին։
Նույնը՝ Մաքսային միությանը, հետագայում՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու դեպքում։ Եվ այսպես շարունակ՝ կենսական խնդիրներ պետության ու ժողովրդի համար, որ կապվել են կամայական, չհիմնավորված, ժամանակի մեջ իրենց սխալ լինելն ապացուցած հարցերի հետ։ Ցավոք։
– Ի՞նչն է, ըստ Ձեզ, խոչընդոտում իշխանության և ընդդիմության միջև կառուցողական և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների ձևավորմանը։
Հայրենիքների տարբերությունը։ Կրեմլի վկաների իրական հայրենիքը Ռուսաստանն է, և դա ապացուցում են գործով, թեպետ խոսքով հայրենասիրական պաթետիկ ճառեր են ասում և ճարտար մանիպուլացնում են՝ կիրառելով տարատեսակ քաղտեխնոլոգիաներ՝ հիբրիդային պատերազմի արդեն ժանգոտած զինանոցից ու նոու-հաուներից։ Քարոզարշավում բոլորդ եք տեսել։ Այնուամենայնիվ, միլիարդները երկար ժամանակով չեն կարող փոխարինել քաղաքականությանը։ Բումերանգը միշտ վերադառնում է, և հետհարվածն անխուսափելի է։
