2027 թվականի հունվարի 1-ից ամուսինները կկարողանան իրենց համատեղ սեփականություն հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ գրանցել ամուսնու բացառիկ սեփականության իրավունքը։ Այդ դեպքում ամուսիններից մեկի մահվան պարագայում գույքը չի մտնի ժառանգության զանգվածի մեջ և ամբողջությամբ կմնա ողջ մնացած ամուսնուն։ Ուստի կարևոր է նախապես հասկանալ՝ ո՞վ պետք է դիմի, ո՞ւր, ի՞նչ ներկայացնի և ի՞նչ ժամկետում է գրանցումը կատարվում։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, նոր իրավունքը սահմանված է 2026 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-321-Ն օրենքով, որով լրացումներ և փոփոխություններ են կատարվում ՀՀ քաղաքացիական օրենսգրքում։ Օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից։
Ի՞նչ իրավունք է գրանցվում
Օրենքի 2-րդ հոդվածով քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածը լրացվում է նոր 1.1-ին մասով, ըստ որի՝ ամուսնության ընթացքում ձեռք բերված ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ ամուսինների համատեղ դիմումի հիման վրա «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով գրանցվում է ամուսնու բացառիկ սեփականության իրավունքը։
Ուշադրություն. օրենքի պաշտոնական եզրույթը հենց «ամուսնու բացառիկ սեփականության իրավունք» է, և նորմը ձևակերպված է ոչ թե «կարող է գրանցվել», այլ «գրանցվում է»։ Այսինքն՝ ամուսինների ընտրությունը վերաբերում է դիմում ներկայացնելուն։
Գույքը մեկ ամուսնու անվա՞նն է անցնում
Ոչ։ Սա թերևս ամենահաճախ շփոթվող կետն է։ Գրանցումից հետո գույքը շարունակում է մնալ ամուսինների ընդհանուր համատեղ սեփականություն։
Դա ուղղակիորեն բխում է օրենքի 6-րդ հոդվածից, որով քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ հոդվածին ավելացվող 3-րդ մասը սկսվում է հետևյալ բառերով. «Ամուսինների ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող այն գույքը, որը գրանցված է ամուսնու բացառիկ սեփականության իրավունքով…»։
Նույնը հաստատվում է օրենքի 5-րդ հոդվածով ներմուծվող 272.3-րդ հոդվածի 3-րդ մասով, որտեղ հետադարձ հիփոթեքի կապակցությամբ ասվում է, որ անշարժ գույքը «նրանց պատկանում է ամուսնու բացառիկ սեփականության իրավունքով»՝ հոգնակի թվով, երկու ամուսիններին։
Այսինքն՝ ամուսնու բացառիկ սեփականությունը սեփականատեր չի փոխում։ Այն համատեղ սեփականության հատուկ ռեժիմ է, որի հետևանքն ի հայտ է գալիս ամուսիններից մեկի մահվան պահին։ Շփոթը ծագում է բուն եզրույթից՝ «բացառիկ սեփականություն» արտահայտությունը հնչում է այնպես, կարծես գույքը մեկին է անցնում, մինչդեռ օրենքի տեքստը հակառակն է ցույց տալիս։
Ո՞վ պետք է դիմի
Երկուսը միասին։ 201-րդ հոդվածի 1.1-ին մասով գրանցումն իրականացվում է ամուսինների համատեղ դիմումի հիման վրա, այսինքն՝ պահանջվում է երկուսի համաձայնությունը։
Այս պահանջն ավելի խիստ է, քան ընդհանուր կանոնը. գրանցման մասին օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասով գույքի նկատմամբ ընդհանուր սեփականության իրավունքի պետական գրանցման վարույթ հարուցելու համար բավարար է ընդհանուր սեփականության մասնակիցներից որևէ մեկի դիմումը։ Ամուսնու բացառիկ սեփականության դեպքում մեկի դիմումը բավարար չէ։
Կարո՞ղ է ներկայացուցիչը դիմել
Այո։ Գրանցման մասին օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասով դիմումը ներկայացնում է անձամբ իրավատերը, բացառությամբ մի քանի դեպքերի, որոնցից առաջինն այն է, երբ դիմումը ներկայացնում է իրավատիրոջ անունից նոտարի վավերացրած կամ հասարակ գրավոր ձևով տրված լիազորագրի հիման վրա հանդես եկող անձը։ Նույն մասով դիմումը կարող է ներկայացնել նաև իրավատիրոջ խնամակալը, հոգաբարձուն կամ այլ օրինական ներկայացուցիչը։
Ո՞ւր դիմել
201-րդ հոդվածի 1.1-ին մասը գրանցման կարգի հարցում ուղղակի հղում է կատարում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքին, ուստի կիրառվում են այդ օրենքի ընդհանուր կանոնները։
Նույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված՝ անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող պետական կառավարման հանրապետական մարմինը (անշարժ գույքի պետական ռեգիստրը)՝ իր առանձնացված (տարածքային) ստորաբաժանումների միջոցով։
Ընդ որում, 24-րդ հոդվածի 1-ին մասով դիմումը կարող է ներկայացվել անշարժ գույքի պետական ռեգիստրի որևէ սպասարկման գրասենյակ՝ անկախ գույքի գտնվելու վայրից։ Այսինքն՝ Երևանում գտնվող բնակարանի համար դիմումը կարելի է ներկայացնել նաև այլ մարզի սպասարկման գրասենյակում։
Ի՞նչ պետք է նշվի դիմումում
Գրանցման մասին օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով դիմումում պարտադիր նշվում են գույքի հասցեն կամ գտնվելու վայրը (կարող է նշվել նաև միավորի ծածկագիրը), ֆիզիկական անձի դեպքում՝ դիմողի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, բնակության հասցեն, անձը հաստատող փաստաթղթի անվանումը, սերիան և համարը, ինչպես նաև դիմումով ներկայացվող պահանջը, դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, դիմումի ներկայացման ամսաթիվը և դիմողի ստորագրությունը։
Ի՞նչ փաստաթղթեր են ներկայացվում
24-րդ հոդվածի 3-րդ մասով դիմողը պետք է ներկայանա անձը հաստատող փաստաթղթով և դիմումի հետ ներկայացնի իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ իրավահաստատող փաստաթղթերը, իսկ նույն օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված դեպքերում՝ նաև այդ հոդվածով սահմանված այլ փաստաթղթերը, ինչպես նաև սահմանված վճարների մուծման անդորրագրերը։
Ի դեպ, 25-րդ հոդվածով շինության հատակագիծ լրացուցիչ պահանջվում է, օրինակ, եթե գրանցման ներկայացվող շինության նկատմամբ 1998 թվականի մարտի 1-ից հետո իրավունքների պետական գրանցում չի կատարվել։
8-րդ հոդվածի 1-ին մասով գրանցման հիմք են հանդիսանում իրավահաստատող փաստաթղթերը, իսկ 2-րդ մասով դրանք ներկայացնելու պարտականությունը կրում են հենց գրանցման համար դիմող անձինք։ Օրենքի 2-րդ հոդվածում տրված սահմանման համաձայն՝ օրենքի ուժով ճանաչված իրավունքի համար իրավունքի ձեռքբերումը հաստատող են համարվում այն գրավոր փաստաթղթերը, որոնք հաստատում են այդ օրենքով նման իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ և բավարար նախապայման հանդիսացող իրավաբանական փաստերը։
Նույն 24-րդ հոդվածի 8-րդ մասով դիմողի ինքնությունը ստուգվում է անձը հաստատող փաստաթղթի բնօրինակի կամ սահմանված կարգով հաստատված պատճենի հիման վրա, առանց որի դիմում չի ընդունվում։ Դիմումն ընդունելուց հետո դիմողին տրամադրվում է ստացական՝ դիմումի մուտքագրման օրվա, ժամի, րոպեի, մուտքի համարի, դիմողի տվյալների, ներկայացվող պահանջի և կից փաստաթղթերի ցանկի նշումով։
4-րդ մասով փաստաթղթերը ներկայացվում են մեկ օրինակից՝ բնօրինակը կամ սահմանված կարգով հաստատված պատճենը, և չպետք է պարունակեն մատիտով գրառումներ, ջնջումներ, չհաստատված ուղղումներ կամ բովանդակության ընկալմանը խոչընդոտող վնասվածքներ։
Կարևոր է իմանալ, որ 8-րդ հոդվածի 3-րդ մասով պետական գրանցում իրականացնող մարմինը պարտավոր է իր պաշտոնական կայքէջում տեղադրել պետական գրանցման համար անհրաժեշտ՝ իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթերի ցանկերը՝ ըստ իրավունքների ձեռքբերման առանձին հիմքերի։ Հետևաբար, ամուսնու բացառիկ սեփականության իրավունքի գրանցման համար պահանջվող փաստաթղթերի ստույգ ցանկը պետք է հրապարակվի հենց այնտեղ։
Կարելի՞ է դիմել առցանց
Այո։ Գրանցման մասին օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով պետական գրանցման դիմումը և կից ներկայացման ենթակա փաստաթղթերը կարող են ներկայացվել (ներբեռնվել) նաև էլեկտրոնային եղանակով, որի դեպքում դրանց էլեկտրոնային պատճենների համապատասխանությունը բնօրինակներին հավաստվում է ներկայացնող անձի էլեկտրոնային թվային ստորագրությամբ։
Վճարովի՞ է գրանցումը
Այո։ Գրանցման մասին օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասով գույքի նկատմամբ իրավունքների ծագման, դադարման, փոխանցման կամ փոփոխման պետական գրանցման համար պետական բյուջե գանձվում է վճար՝ նույն օրենքի 73-րդ հոդվածով սահմանված չափով, բացառությամբ 75-րդ հոդվածով նախատեսված անվճար գրանցման դեպքերի։ 24-րդ հոդվածի 3-րդ մասով վճարի մուծման անդորրագիրը ներկայացվում է դիմումի հետ, իսկ «Պետական տուրքի մասին» օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև պետական տուրքի անդորրագիրը։
Օրենքի 75-րդ հոդվածով սահմանված են նաև արտոնություններ և զեղչեր՝ առանձին դեպքերի և բնակավայրերի համար։
Ընդ որում, ՀՕ-321-Ն օրենքը հենց ամուսնու բացառիկ սեփականության իրավունքի գրանցման համար առանձին սակագին չի սահմանում, ուստի ձեր կոնկրետ գույքի դեպքում վճարի ճշգրիտ չափը նպատակահարմար է նախապես ճշտել իրավաբանի հետ։
Ի՞նչ ժամկետում է կատարվում գրանցումը
Գրանցման մասին օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման կամ փոխանցման պետական գրանցումը կատարվում է դիմումը ներկայացվելու օրվանից 4-րդ աշխատանքային օրը։
Նույն հոդվածի 2-րդ մասով դիմողի ցանկությամբ գրանցումը կարող է կատարվել նաև արագացված կարգով՝ ավելի սեղմ ժամկետներում, որի դեպքում օրենքով սահմանված վճարները բազմապատկվում են։ 12-րդ մասով ժամկետների հաշվարկը սկսվում է դիմումի մուտքագրման պահից։
Ի՞նչ եք ստանում գրանցումից հետո
Գրանցման մասին օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով գույքի նկատմամբ իրավունքները համարվում են գրանցված գրանցման մատյանում սահմանված գրառումները կատարելու և պետական գրանցման իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից հաստատվելու պահից։ Նույն հոդվածի 3-րդ մասով գրանցումից հետո գրանցված իրավունքի սուբյեկտներին տրամադրվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական, որը հաստատում է գրանցման ներկայացված իրավունքի պետական գրանցման իրականացման փաստը։
Ի՞նչ կլինի, եթե փաստաթուղթ պակասի
28-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, եթե դիմումի հետ չեն ներկայացվել գրանցման որոշում կայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը կամ տեղեկատվությունը, գրանցող մարմինը կասեցնում է վարույթը։ Նույն հոդվածի 4-րդ մասով կասեցման որոշման մեջ պարտադիր նշվում են կասեցման բոլոր հիմքերը, այն փաստաթղթերը կամ տեղեկատվությունը, որոնք անհրաժեշտ են դրանք վերացնելու համար, ինչպես նաև հղում այն իրավական ակտերին, որոնց հիմքով առաջադրվում է այդ պահանջը։
2-րդ մասով վարույթը վերսկսվում է կասեցման հիմքերը վերանալուց հետո, բայց ոչ ուշ, քան կասեցման որոշումն ընդունելու օրվանից 30 օրացուցային օրը լրանալը, ընդ որում՝ 3-րդ մասով կասեցման ժամկետի սկիզբ է համարվում որոշումը դիմողին պատշաճ ձևով հանձնելու օրը։
Ուշադրություն. 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, եթե կասեցման սահմանված ժամկետում չեն ներկայացվում կասեցման հիմքերը վերացնելու մասին փաստաթղթեր կամ տեղեկատվություն, գրանցման վարույթը դադարեցվում է։
Կարո՞ղ եք հետ վերցնել դիմումը
Այո։ 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով գրանցող մարմինը դադարեցնում է պետական գրանցման վարույթը, եթե վարույթի ընթացքում իրավատերը ներկայացրել է վարույթի դադարեցման պահանջ։
Ի՞նչ է սա տալիս գործնականում
ՀՕ-321-Ն օրենքի 2-րդ հոդվածով ամուսնու բացառիկ սեփականություն համարվող անշարժ գույքն ամուսիններից մեկի մահվան դեպքում չի ներառվում մահացած ամուսնու ժառանգության զանգվածում և մինչև մյուս ամուսնու մահը շարունակում է սեփականության իրավունքով պատկանել ողջ մնացած ամուսնուն։
Օրենքի 6-րդ հոդվածով քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ հոդվածը լրացվում է նոր 3-րդ մասով, ըստ որի՝ այդպիսի գույքը ժառանգության զանգվածում ներառվում է երկու ամուսինների մահից հետո, ընդ որում՝ առաջինը մահացած ամուսնու ժառանգությունն այդ գույքի մասով բացվում է երկրորդ ամուսնու մահվան օրը։
Օրենքի 7-րդ հոդվածով քաղաքացիական օրենսգրքի 1247-րդ հոդվածի 1-ին մասը լրացվում է բացառությամբ՝ 201-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված դեպքերի համար։
Կիրառվու՞մ է արդեն ձեռք բերված գույքի նկատմամբ
Այո։ Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով ամուսնու բացառիկ սեփականության իրավունքի վերաբերյալ կարգավորումները կիրառելի են նաև օրենքն ուժի մեջ մտնելուց առաջ ամուսնության ընթացքում ձեռք բերված և ամուսինների համատեղ սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ։
Ի՞նչը դեռ սահմանված չէ
ՀՕ-321-Ն օրենքով փոփոխություններ չեն կատարվել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում։ Այդ օրենքում ամուսինների գույքին վերաբերող հատուկ հոդվածը՝ 43-րդը, կարգավորում է հակառակ դեպքը. երբ ամուսնության ընթացքում ձեռք բերված և համատեղ սեփականություն հանդիսացող գույքի նկատմամբ գրանցվել է ամուսիններից միայն մեկի սեփականության իրավունքը, ամուսինների համատեղ դիմումի հիման վրա կարող է գրանցվել ամուսինների համատեղ սեփականության իրավունքը։
Այդ դեպքում, 43-րդ հոդվածի 2-րդ մասով, համատեղ դիմումին կից պետք է ներկայացվի նաև ամուսնության վկայականի իսկական օրինակը կամ սահմանված կարգով վավերացված պատճենը, իսկ համատեղ դիմումն ինքնին համարվում է ամուսինների հայտարարություն այն մասին, որ նրանց միջև չի կնքվել ընդհանուր սեփականության շրջանակը փոփոխող պայմանագիր։
Ամուսնու բացառիկ սեփականության իրավունքի գրանցման համար նման հատուկ հոդված դեռ սահմանված չէ։ Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով պահանջվող փաստաթղթերի ստույգ ցանկը ենթակա է հրապարակման գրանցող մարմնի պաշտոնական կայքէջում՝ ըստ իրավունքների ձեռքբերման առանձին հիմքերի։
ՀՕ-321-Ն օրենքը դրույթներ չի պարունակում նաև այն մասին, թե ինչպես է դադարում արդեն գրանցված ամուսնու բացառիկ սեփականության իրավունքը, և ինչ է լինում այդ գրանցման հետ ամուսնալուծության դեպքում։ Այս հարցերը դուրս են ընդունված օրենքի կարգավորման շրջանակից։
Հաճախ տրվող հարցեր
- Կարո՞ղ եմ միայնակ դիմել, եթե ամուսինս համաձայն չէ։
- Ոչ։ 201-րդ հոդվածի 1.1-ին մասով գրանցումն իրականացվում է ամուսինների համատեղ դիմումի հիման վրա։
- Ե՞րբ կարող եմ դիմել։
- ՀՕ-321-Ն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից։
- Դիմումը պետք է ներկայացնեմ այն մարզո՞ւմ, որտեղ գտնվում է բնակարանը։
- Ոչ պարտադիր։ 24-րդ հոդվածի 1-ին մասով դիմումը կարող է ներկայացվել որևէ սպասարկման գրասենյակ՝ անկախ գույքի գտնվելու վայրից։
- Կարո՞ղ եմ դիմել առցանց։
- Այո, 26-րդ հոդվածի 1-ին մասով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ։
- Կարո՞ղ է լիազորագրով ներկայացուցիչը դիմել իմ փոխարեն։
- Այո, 24-րդ հոդվածի 7-րդ մասով՝ նոտարի վավերացրած կամ հասարակ գրավոր ձևով տրված լիազորագրի հիման վրա։
- Քանի՞ օրում է կատարվում գրանցումը։
- 74-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիմումը ներկայացվելու օրվանից 4-րդ աշխատանքային օրը, իսկ արագացված կարգով՝ ավելի սեղմ ժամկետում՝ ավելացված վճարով։
Ամփոփում
Ամփոփելով՝ պետք է նշել, որ 2026 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-321-Ն օրենքով, որն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից, ամուսինների համատեղ դիմումի հիման վրա նրանց համատեղ սեփականություն հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ գրանցվում է ամուսնու բացառիկ սեփականության իրավունքը, դիմումը կարող է ներկայացվել անշարժ գույքի պետական ռեգիստրի որևէ սպասարկման գրասենյակ՝ անկախ գույքի գտնվելու վայրից, կամ էլեկտրոնային եղանակով, պահանջվում է անձը հաստատող փաստաթուղթ և իրավահաստատող փաստաթղթեր, գրանցումը վճարովի ծառայություն է և կատարվում է դիմումը ներկայացվելու օրվանից 4-րդ աշխատանքային օրը, սակայն քանի որ նոր օրենքն այս իրավունքի գրանցման հատուկ կարգ և առանձին սակագին չի սահմանում, յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակում ամուսինների գույքի և ժառանգության հարցերի պատշաճ լուծումը պահանջում է մասնագիտական մոտեցում, – տեղեկացնում է Iravaban.net-ը։
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել Iravaban.net-ին։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Ամուսինների գույքի, ժառանգության և ամուսնու բացառիկ սեփականության գրանցման հետ կապված կոնկրետ իրավիճակներում, ներառյալ՝ գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի և վճարների ճշգրիտ չափի հարցում, իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությանը՝ զանգահարելով +374 99 970704 հեռախոսահամարին կամ գրելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին։