Ռուսաստանն ակտիվացրել է ապատեղեկատվական արշավը Գերմանիայի ընտրություններից առաջ․ Reuters

Ռուսաստանն ուժեղացրել է ապատեղեկատվության տարածման արշավը Գերմանիայի դաշնային երկրամասերի խորհրդարանների առաջիկա ընտրություններից առաջ։ Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Գերմանիայի…

Ռուսաստանն ուժեղացրել է ապատեղեկատվության տարածման արշավը Գերմանիայի դաշնային երկրամասերի խորհրդարանների առաջիկա ընտրություններից առաջ։ Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Գերմանիայի անվտանգության ծառայություններում իր աղբյուրներին։

Գործակալության փոխանցմամբ՝ արշավը հիմնականում ուղղված է աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության քաղաքական մրցակիցների դեմ։ Աղբյուրների խոսքով՝ դրա նպատակն է պառակտել երկրի քաղաքական դաշտը և վարկաբեկել իշխող Քրիստոնեա-դեմոկրատական միությանը (CDU), նրա կոալիցիոն գործընկեր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը (SPD), ինչպես նաև «Կանաչներին» և Ազատ դեմոկրատական կուսակցությանը (FDP)։

Reuters-ի տվյալներով՝ սոցիալական ցանցերում տարածվել են հիմնականում անգլերեն հրապարակումներ՝ հեղինակավոր լրատվամիջոցների, այդ թվում՝ BBC-ի և գերմանական ARD հեռուստաընկերության տարբերանշաններով։ Դրանք պարունակել են տեղացի քաղաքական գործիչների հասցեին կեղծ մեղադրանքներ՝ ֆինանսական հափշտակություններից մինչև սեռական ոտնձգություններ և բռնություն։

Գործակալությունը նշում է, որ Մոսկվան հետևողականորեն հերքում է Արևմուտքի դեմ ապատեղեկատվական արշավներին իր մասնակցությունը։

Reuters-ի հաղորդմամբ՝ Գերմանիայի ՆԳՆ ներկայացուցիչը հաստատել է, որ կառավարությունը հետևում է «Մատրյոշկա» («Matryoshka») անունով խոշոր ցանցի միջոցով իրականացվող ապատեղեկատվական արշավին, որը, ըստ գերմանական իշխանությունների, ստեղծվել է Ռուսաստանի կողմից՝ արտասահմանյան լսարանի վրա ազդելու նպատակով։

«Այս պահին արշավը ինտերնետում մեծ տարածում չունի։ Սակայն դա չի նշանակում, որ կարող ենք թուլացնել զգոնությունը։ Խոսքը շարունակում է լինել լուրջ ապատեղեկատվական արշավի մասին»,- ասել է ՆԳՆ ներկայացուցիչը։

Reuters-ը հիշեցնում է, որ Ռուսաստանը պարբերաբար մեղադրվում է այլ երկրների ընտրական գործընթացներին միջամտելու փորձերի մեջ։ Վերջին շրջանում նման մեղադրանքներ են հնչել նաև Մոլդովայում և Հայաստանում ընտրությունների վրա ազդեցություն գործադրելու փորձերի վերաբերյալ։ Բացի այդ, անցյալ տարվա Գերմանիայի դաշնային ընտրություններից առաջ երկրի կառավարությունը նույնպես նախազգուշացրել էր նմանատիպ ապատեղեկատվական արշավի մասին։

Leave a Comment