Նախ պետք է կարողանան խլել․ Կարապետյանը՝ ՀԷՑ-ը մասնավորի կառավարմանը հանձնելու մասին

Հայաստանի իշխանությունները նախ պետք է կարողանան խլել «Հայաստանի էլեկտրական ցանցերը», ապա միայն ընկերությունը հանձնել հավատարմագրային կառավարման, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը։

Այսպես նա մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ ՀԷՑ-ը կդառնա պետական սեփականություն, ապա ընկերության կառավարումը կփոխանցվի մասնավոր ընկերության։ Կարապետյանի ճեպազրույցն ուղիղ հեռարձակել է Armenia Today-ի YouTube-յան ալիքը։

Փաշինյանը կառավարության նիստում հայտնել էր, որ իշխանությունները ՀԷՑ-ի ապագայի վերաբերյալ «հայեցակարգային մակարդակում» արդեն կողմնորոշվել են։ Վարչապետը, սակայն, չէր հստակեցրել, թե կոնկրետ որ ընկերությանը կարող է փոխանցվել կառավարման իրավունքը։

Կարապետյանի խոսքով՝ ՀԷՑ-ի սեփականատերերի թիմը իշխանությունների գործողությունները վիճարկում է Հայաստանի և միջազգային դատարաններում, ինչպես նաև եվրոպական դատական ատյաններում՝ «քայլ առ քայլ առաջ գնալով»։

Նա հիշեցրել է նաև միջազգային արբիտրաժի որոշման մասին, որով, ըստ նրա, իշխանություններին արգելվել է ակտիվի նկատմամբ որևէ գործողություն իրականացնել։

Կարապետյանը հերքել է խորհրդարանում հնչած մեղադրանքները, թե ՀԷՑ-ը հավելագրումներ է կատարել մանկապարտեզների և բանակի հետ հաշվարկներում։ Նրա խոսքով՝ իշխանության ներկայացուցիչները կրկնում են իրենց քաղաքական ղեկավարության հայտարարությունները՝ չունենալով դրա վերաբերյալ որևէ ապացույց։

Դաշինքի առաջնորդը նման մեղադրանքներն անվանել է անպատասխանատու և հայտարարել, որ դատարանն արդեն հերքել է դրանք։

Կարապետյանը նաև «խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և վեց սրբազանների մասնակցությամբ առաջիկա դատական նիստը։ Նա գործող իշխանություններին մեղադրել է Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ ճնշումները շարունակելու մեջ։

Դաշինքի առաջնորդը հայտնել է, որ «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչները ներկա են լինելու Էջմիածնի դատարանի շենքի մոտ։ Նրա խոսքով՝ այդ կերպ քաղաքական ուժը ցույց կտա իր աջակցությունն ու Եկեղեցին պաշտպանելու պատրաստակամությունը։

Leave a Comment