Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և Հայ Առաքելական Եկեղեցու վեց բարձրաստիճան հոգևորականներ օգոստոսի 7-ին կանգնելու են դատարանի առջև՝ դատական ակտը չկատարելու մեղադրանքով, հայտնել է Reuters գործակալությունը։
Աղբյուրը գործընթացը որակել է որպես Եկեղեցու ղեկավարության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության միջև առկա հակամարտության հերթական սրում։
Գործը կապված է դատարանի այն որոշման հետ, որով Եկեղեցուն արգելվել էր խոչընդոտել կարգալույծ արված եպիսկոպոս Գևորգին (աշխարհիկ անունը՝ Արման Սարոյան) կատարել Մասյացոտնի թեմի առաջնորդի պարտականությունները՝ մինչև նրա հայցի վերջնական քննությունը։
Մեղավոր ճանաչվելու դեպքում Գարեգին Բ-ին և մյուս մեղադրյալներին սպառնում է մինչև երկու տարվա ազատազրկում։ Կաթողիկոսի հետ միասին գործով որպես մեղադրյալ են անցնում արքեպիսկոպոսներ Նաթան Հովհաննիսյանը, Հայկազուն Նաջարյանն ու Վահան Հովհաննիսյանը, ինչպես նաև եպիսկոպոսներ Մակար Հակոբյանը, Մուշեղ Բաբայանն ու Հովնան Հակոբյանը։
Գործն Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան է մուտքագրվել հուլիսի 27-ին։
Գարեգին Բ-ն հունվարի 10-ին Սարոյանին ազատել էր թեմի առաջնորդի պաշտոնից։ Վերջինս որոշումը վիճարկել էր դատարանում, որից հետո դատարանն արգելել էր Հայ Առաքելական Եկեղեցուն խոչընդոտել նրա կողմից պարտականությունների կատարմանը՝ մինչև հայցի քննությունը։
Հունվարի 27-ին Կաթողիկոսը Սարոյանին կարգալույծ էր արել։ Փետրվարին դատախազությունը քրեական հետապնդում էր հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ։
Իշխանությունների և Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարության միջև հակամարտությունը սրվել էր 2025 թվականին։ Փաշինյանը բազմիցս պահանջել էր Գարեգին Բ-ի հրաժարականը, իսկ 2026 թվականի հունվարին տասը հոգևորականի հետ ստորագրել էր «Հայ Առաքելական Եկեղեցու բարեփոխումների ճանապարհային քարտեզը», որը նախատեսում է Կաթողիկոսի փոփոխություն։
