Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջ «Հայաստանի տնտեսական վերափոխման զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:
Ըստ հիմնավորման՝ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2026 թ. հունիսի 3-ին և 8-ին ստորագրվել է 170,3 մլն եվրո արժողությամբ (200 մլն ԱՄՆ դոլարին համարժեք) վարկային համաձայնագիրը, որը նպատակաուղղված է ՀՀ-ում մրցակցային միջավայրի բարելավմանը և ներդրումների ներգրավվմանը:
Ըստ հրապարակված հաղորդագրության՝ բարեփոխումների շրջանակը ներառում է՝ ներդրումների և առևտրի ազատականացումը և մրցակցության խրախուսումը, տնտեսական մրցակցության պաշտպանություն, թվայնացում և կիբեռանվտանգություն, կլիմայական օրենսդրություն, արտանետումների կառավարում, կանաչ տաքսոնոմիա, օդի որակի վերահսկողություն։
Հավանություն է տրվել նաեւ «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր – Ենթածրագիր 3» վարկային համաձայնագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին։
Ենթածրագիր 3-ը բաղկացած է երեք հիմնական բաղադրիչներից` հարկաբյուջետային կառավարման, պետական պարտքի և ֆինանսական ռիսկերի կառավարման քաղաքականությունների հզորացում, ինչպես նաև ենթակառուցվածքային ներդրումների կայունության ամրապնդում, պետական արժեթղթերի շուկայի և դրամական շուկայի ենթակառուցվածքի կատարելագործում, ֆինանսական գործիքների և ներդրողների շրջանակի ընդլայնում, ինչպես նաև ընկերությունների թափանցիկության և կորպորատիվ կառավարման բարելավում։
Հաշվի առնելով վերոգրյալը` ՀՀ ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է Ասիական զարգացման բանկի (այուհետ՝ ԱԶԲ) միջոցներից 150 մլն դոլար բյուջետային աջակցության վարկի ներգրավման գործընթացը։
Լուսանկարը՝ primeminister.am-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter