ՌԴ-ն Հայաստանից ՀԿԵ-ի կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ պաշտոնական դիմում չի ստացել․ Օվերչուկ

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանից պաշտոնական ծանուցում չի ստացել «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերության կոնցեսիոն պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ։

Նրա խոսքով՝ թեև հանրային դաշտում այդ թեմայով տարբեր հայտարարություններ և առաջարկներ են հնչում, Մոսկվան կողմ է հարցի լուծմանը խորհրդակցությունների և երկխոսության միջոցով։

«Մենք կողմ ենք, որ այս հարցերը լուծվեն խորհրդակցությունների և երկխոսության ճանապարհով։ Այսօր «Ռուսական երկաթուղիներ»-ը միակ մասնագիտացված ընկերությունն է, որն ի վիճակի է արդյունավետ կառավարել երկաթուղին և ապահովել դրա զարգացումը», – ասել է Օվերչուկը։

ՌԴ փոխվարչապետը հիշեցրել է, որ 2026 թվականի հունվարին որոշում է կայացվել վերակառուցել Հայաստանի երկաթուղու երկու հատված, որոնք կապ են ապահովում Ադրբեջանի և Թուրքիայի ուղղություններով։

Օվերչուկի խոսքով՝ Ռուսաստանը հայտարարել էր այդ աշխատանքներին մասնակցելու պատրաստակամության մասին, սակայն դրանից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Մոսկվայի մասնակցությունը, իր գնահատմամբ, կարող է զրկել Հայաստանին մրցակցային առավելություններից։

Միաժամանակ, Օվերչուկն ընդգծել է, որ առանց ռուսական երկաթուղային համակարգի հետ փոխկապակցվածության դժվար է պատկերացնել, թե ինչպես է ապահովվելու Հայաստանի լիարժեք տրանսպորտային կապը արտաքին աշխարհի հետ։

Leave a Comment