Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն իր նոր ուղերձում Ադրբեջանում ընթացող Վերաքննիչ դատարանի գործընթացանվանել է քաղաքական պատվեր՝ ընդգծելով, որ մեղադրող կողմն ու դատարանը պարտություն են կրել բարոյական և քաղաքական տիրույթում։
Իշխանյանի փոխանցմամբ՝ Վերաքննիչ դատարանն արդեն հեռացել է խորհրդակցական սենյակ, սակայն վճռի ելքը նախապես հայտնի է։
«Բոլորիս համար էլ պարզ է, որ այդ վճիռը վաղուց կայացված է, և դատավարական կոլեգիան չէ, որ կայացնում է այն. դատավարական կոլեգիան միայն հայտարարության կարգով կհրապարակի այն, ինչ արդեն վճռված է»,- նշել է նա։
Իշխանյանն ընդգծել է, որ դատավորն ու դատախազները պարբերաբար ընդհատել են իրենց ելույթները՝ թույլ չտալով ամբողջությամբ ներկայացնել պաշտպանական խոսքը։ Նա տեղեկացրել է, որ մոտ երկու տարի տևող դատական գործընթացում պաշտպանական կողմն այդպես էլ չի ստացել մեղադրական ակտը, մեղադրական եզրակացությունն ու առաջին ատյանի դատավճիռը։
Արցախի ԱԺ նախագահի խոսքով՝ չնայած ճնշումներին, հայ ռազմագերիներին ու քաղաքական գործիչներին հաջողվել է արժանի հակահարված տալ ադրբեջանական կողմի կեղծ պնդումներին։
«Քաղաքականապես և բարոյապես մեղադրող կողմն ու դատավորական կոլեգիան, որոնք նույն թիմն են, չեն շահել դատը։ Շահողը եղել ենք մենք՝ որպես մեղադրյալներ։ Մենք արժանի հակահարվածներ ենք տալիս այն փաստարկներին և կեղծ պնդումներին, որոնք վերաբերում են մեր ժողովրդի անցյալին, ներկային ու պատվին»,- նշել է նա։
Նա նաև մեջբերել է պաշտպաններից մեկի խոսքը, ով ադրբեջանական դատարանին կոչ էր արել «չպղծել դատարանն ու իրենց իսկ հաղթանակները»։
Իշխանյանը հայտնել է, որ դեռևս հուլիսի 17-ին և 31-ի վերջին նիստում դիմել է դատարանին՝ միջնորդելով կարճել քրեական գործը։ Հաշվի առնելով երկու երկրների ու ժողովուրդների միջև ստեղծված նոր քաղաքական իրավիճակը և արտաքին դերակատարների դերը՝ նա առաջարկել է դադարեցնել քրեական հետապնդումը՝ որպես ապագային միտված քայլ։
Տեղում միջնորդությունը մերժվել է, սակայն Իշխանյանն առաջարկել է դատարանին խորհրդակցել վերադաս իշխանությունների հետ։
Արցախի պաշտոնյան նշել է, որ Բաքվի դատարանում իրենց մասնակցությունը կրում է ֆորմալ բնույթ՝ միջազգային ատյաններ դիմելու իրավական հիմքեր ապահովելու համար։
Միևնույն ժամանակ, նա իր մտահոգությունն է հայտնել միջազգային և հայաստանյան ազատ լրատվամիջոցների բացակայության վերաբերյալ՝ նշելով, որ շուրջ երկու տարի դատարանի դահլիճում չեն հայտնվել անկախ լրագրողներ, որոնք աշխարհին ցույց կտային, թե ում և ինչպես են դատում Բաքվում։
Նախորդ նիստի ժամանակ ելույթ էր ունեցել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա նաև հայտարարել էր, որ չի ընդունում իր դեմ առաջադրված մեղադրանքները։
Հայ գերիների վերաքննիչ բողոքների քննությունն սկսվել էր հունիսի 9-ին։
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում է պահվել 19 հայ գերի։ Արցախի նախկին առաջնորդները 2025 թվականի դեկտեմբերին դատապարտվել էին 20 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկման: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացառել էր նրանց վաղաժամ ազատ արձակման հնարավորությունը։
