«Ուժեղ Հայաստան»-ը խորհրդարանում կբարձրացնի ռուսական սահմանափակումներից տուժած գյուղատնտեսների հարցը

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը մտադիր է Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովներում լայն քննարկումներ անցկացնել Ռուսաստանի կողմից հայկական գյուղատնտեսական արտադրանքի և բիզնեսի այլ ոլորտների…

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը մտադիր է Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովներում լայն քննարկումներ անցկացնել Ռուսաստանի կողմից հայկական գյուղատնտեսական արտադրանքի և բիզնեսի այլ ոլորտների նկատմամբ կիրառվող սահմանափակումների հետևանքով առաջացած խնդիրների շուրջ։

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ 

Լրագրողը հետաքրքրվել է, թե խմբակցությունն ի՞նչ քայլեր է նախատեսում ձեռնարկել գյուղատնտեսների խնդիրները խորհրդարանում բարձրաձայնելու համար և դիտարկո՞ւմ է արդյոք խորհրդարանական լսումներ կազմակերպելու հնարավորությունը։

«Շատ կարևոր է դիվանագիտական ճանապարհով լուծել առաջացող սրացումները։ Տնտեսական խաղաղությունը խաղաղության ձևաչափերից մեկն է։ Մենք պետք է տնտեսական խաղաղության հասնենք մեր գլխավոր տնտեսական գործընկերոջ հետ»,- ասել է Կարապետյանը։

Նրա համոզմամբ՝ հայկական քաղաքական միտքն ունակ է լուծումներ գտնել ստեղծված իրավիճակի համար։

«Տնտեսական հանձնաժողովը և, կարծում եմ, նաև տարածքային հարցերով հանձնաժողովը պատասխանատու են։ Մենք լայն քննարկումներ ենք անցկացնելու և այդ թեմայով լուծումներ ենք առաջարկելու»,- նշել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրություններին ընդառաջ սահմանափակումներ էր մտցրել հայկական բազմաթիվ ապրանքների ներմուծման նկատմամբ։

Leave a Comment