«Խոր Վիրապ» արգելավայրում կատարված աշխատանքների առնչությամբ վարչական վարույթը կարճվել է

«Խոր Վիրապ» արգելավայրում կատարված աշխատանքների առնչությամբ հարուցված վարչական վարույթը կարճվել է: Այս մասին «Հետքին» գրավոր տեղեկացրել է ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը:

Հիշեցնենք, որ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատող Լյուբա Բալյանը դեռ հունիսին ահազանգել էր, որ «Խոր Վիրապ» արգելավայրում թռչունների բնադրման խոցելի շրջանում ծանր տեխնիկայով հողային փորվածքներ են կատարվել: Գիտնականը հայտնել էր, որ բնադրման ժամանակ պետք է արգելված լիներ որեւէ տեխնիկայի մուտքն արգելավայր:

«Խոր Վիրապ» արգելավայրն ընդգրկված է «Միջազգային նշանակություն ունեցող, հիմնականում որպես ջրային թռչունների բնակավայր, խոնավ տարածքների մասին» կոնվենցիայի (հայտնի է որպես Ռամսարի կոնվենցիա) միջազգային նշանակության խոնավ տարածքների ցանկում:

Շրջակա միջավայրի նախարարությունը «Հետքի» հարցման պատասխանում հայտնել էր, որ «Խոր Վիրապ» պետական արգելավայրի ջրաճահճային տարածքում վերականգնման աշխատանքներ են կատարվում նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող «Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» ծրագրի շրջանակներում: Նախարարության տեղեկացմամբ՝ այդ աշխատանքները պայմանավորված են ջրաճահճային էկոհամակարգի երկարամյա դեգրադացիայով եւ ուղղված են բնական հիդրոէկոլոգիական ռեժիմի, ջրափոխանակության եւ էկոլոգիական կապակցվածության վերականգմանը:

ԲԸՏՄ-ն «Հետքին» ուղարկած պատասխանում կրկնել է վերոգրյալը, ապա հիշատակել միջազգային փորձը:

«Միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվում են ջրաճահճային էկոհամակարգերի վերականգնման միջոցառումներ, այդ թվում՝ ջրային հոսքերի կարգավորում, մարդածին խոչընդոտների հեռացում, ջրածածկ տարածքների էկոլոգիական վերականգնում եւ անհրաժեշտության դեպքում՝ հիդրոտեխնիկական միջամտություններ։ Կախված տարածքի էկոլոգիական եւ տեխնիկական առանձնահատկություններից՝ կարող են կիրառվել նաեւ մեխանիկական եւ ինժեներական միջոցներ, ներառյալ ծանր տեխնիկան՝ որպես վերականգնման տեխնիկական գործիք։ Այս համատեքստում «Խոր Վիրապ» պետական արգելավայրում նախատեսվող մեխանիկական աշխատանքները դիտարկվում են որպես տեխնիկական անհրաժեշտություն՝ ուղղված տարածքի բնական ջրային ռեժիմի վերականգնմանը, եւ աշխատանքները կրում են ժամանակավոր բնույթ»: ԲԸՏՄ-ի փոխանցմամբ՝ վերը նշված հանգամանքից ելնելով՝ հարուցված վարույթը կարճվել է:

Հիշեցնենք, որ Լյուբա Բալյանը «Հետքի» հետ զրույցում նշել էր, որ թռչունների բնադրման շրջանում ծանր տեխնիկայով հողային աշխատանքներ չպետք է կատարվեին այդ տարածքում, եթե նույնիսկ դրա անհրաժեշտությունը եղել է։ Նրա փոխանցմամբ՝ ստեղծված իրավիճակը հակասում է Ռամսարի կոնվենցիային։

1971 թ․ ընդունված Ռամսարի կոնվենցիան (Իրանի Ռամսար քաղաքի անունով) հիմնարար փաստաթուղթ է միջազգային նշանակության խոնավ տարածքների, հատկապես՝ ջրլող թռչունների բնադրավայրերի մասին։ Հայաստանն այս կոնվենցիային միացել է 1993 թ․ եւ այսօր այդ փաստաթղթով պահպանվող տարածքների ցանկում ունի 3 տարածք՝ Սեւանա լիճը, Արփի լիճն ու «Խոր Վիրապ» արգելավայրի ջրաճահճուտային տարածքը։

Լուսանկարները տրամադրել է Լյուբա Բալյանը



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment