G7-ի գրեթե բոլոր երկրները պարտքի սպասարկման վրա ավելի շատ են ծախսում, քան պաշտպանության. Scope Ratings



ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Պետական պարտքի սպասարկման ծախսերն արդեն գերազանցում են պաշտպանական բյուջեները «Մեծ յոթնյակի» (G7) բոլոր երկրներում, բացառությամբ Գերմանիայի և Կանադայի, գրում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Scope Ratings վարկանիշային գործակալության զեկույցի տվյալները։

Փորձագետները նշում են, որ փոխառությունների սպասարկման արժեքի աճը խոշորագույն զարգացած տնտեսությունները գնալով ավելի խոցելի է դարձնում պետական պարտատոմսերի եկամտաբերության բարձրացման նկատմամբ։

«Թեև պետությունների մեծամասնությանն առայժմ հաջողվում է խուսափել վերաֆինանսավորման սուր ճգնաժամից, պարտքի բարձր մակարդակը՝ համակցված համեմատաբար մեծ առաջնային պակասուրդների հետ, բարձրացնում է պետական ֆինանսների զգայունությունը շուկայում փոխառությունների պայմանների փոփոխությունների նկատմամբ»,- հայտարարել է Scope Ratings-ի սուվերեն վարկանիշների և պետական հատվածի գծով գործադիր տնօրեն Էյկո Զիվերտը:

Նրա գնահատմամաբ՝ իրավիճակը ձևավորվում է աշխարհաքաղաքական լարվածությամբ պայմանավորված պաշտպանական ծախսերի աճի ֆոնին, սակայն պարտքի սպասարկման ծախսերի ավելացումն էլ ավելի ուժեղ ճնշում է գործադրում պետական ֆինանսների վրա։

Scope Ratings-ի տվյալներով՝ պետական պարտքը գերազանցում է ՀՆԱ-ի 100%-ը G7-ի բոլոր երկրներում, բացի Գերմանիայից։

Գործակալությունը կանխատեսում է, որ 2026 թվականին պարտքի տոկոսների վճարման ծախսերը կկազմեն.

  • Պաշտպանական բյուջեի 193%-ը՝ Իտալիայում,

  • 121%-ը՝ ԱՄՆ-ում,

  • 105%-ը՝ Մեծ Բրիտանիայում,

  • 103%-ը՝ Ֆրանսիայում,

  • 35%-ը՝ Գերմանիայում։

Բացի դրանից, ըստ Scope Ratings-ի կանխատեսման, առաջիկա հինգ տարիներին պարտքի սպասարկման ծախսերը՝ որպես պետական եկամուտների մասնաբաժին, կմոտենան պատմական առավելագույն ցուցանիշներին ԱՄՆ-ում, Չինաստանում, Ճապոնիայում և Ֆրանսիայում։



Leave a Comment