Բաքվից նոր ուղերձ․ Երևանն ընդունել է նոր իրականությունը․ Հաջիև

Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը չի սահմանափակվում միայն փաստաթղթերի ստորագրմամբ․ Ադրբեջանը խաղաղության հանդեպ իր հանձնառությունը հաստատում է կոնկրետ քայլերով։ Ինչպես հայտնում է թուրքական «Միլլիյեթ» թերթը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

«Այսօր Հարավային Կովկասում խաղաղություն է տիրում։ Եթե հայ-ադրբեջանական հակամարտությունը շարունակվեր, ապա մեր հարևանների մոտ ընթացող պատերազմների կայծերը կարող էին տարածվել նաև մեր տարածաշրջան», – նշել է նա։

Խոսելով Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական փոփոխությունների մասին՝ նախագահի օգնականը դրական է գնահատել երկրի ներկայիս ղեկավարության կողմից հռչակված «իրական Հայաստանի» հայեցակարգը։

«Մենք տեսնում ենք, որ հայկական կողմը, ընդունելով նոր աշխարհաքաղաքական իրականությունը, աստիճանաբար իր քաղաքականությունը կառուցում է դրան համապատասխան։ Երևանում գիտակցել են, որ երկարամյա օկուպացիոն քաղաքականությունը, ի վերջո, վնաս է հասցրել առաջին հերթին հենց Հայաստանին և փաստացի այն վերածել է սեփական ռազմավարության պատանդի։ Այսօր Հայաստանի ղեկավարությունը հասկանում է, թե որքան կարևոր են Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները երկրի զարգացման համար», – ասել է Հաջիևը։

Նա անդրադարձել է նաև Զանգեզուրի միջանցքի բացման հարցին։

«Մեր կարծիքով՝ այս նախագիծն արդեն դարձել է նոր աշխարհաքաղաքական իրականության անբաժանելի մասը։ Այն համապատասխանում է ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի շահերին։ Հայկական կողմը նույնպես հասկանում է, որ տարանցիկ երթուղիների և տրանսպորտային կապերի զարգացումը վճռորոշ նշանակություն ունի իր տնտեսական աճի և հետագա զարգացման համար»,- ընդգծել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

Leave a Comment