Սա տարեք, դրեք Ղազարյան Սոնիկի դեմը



ԱԺ-ում ելույթ ունեցող Ղազարյան Սոնիկը կոչ է արել կամ խնդրել է ընդդիմությանը բերել գոնե մի օրինակ, որը կփաստեր Ադրբեջանին Հայաստանի կատարած զիջումների մասին. վստահ է՝ ՔՊ-ի օրոք Հայաստանը ոչինչ չի զիջել Ադրբեջանին:
 
Կատարելով Սոնիկի խնդրանք-պահանջը՝ փորձենք թվարկել այն զիջումների ոչ ամբողջական ցանկը, որոնց պատճառով Նիկոլը ոչնչացրել է հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը՝ սառույցին գրելով Հայաստան անունը:
 
Նախ՝ հիշենք Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային բնագծերից հայկական զորքերի հետքաշման հետևանքով Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի 21 կմ-անոց հատվածի տխուր ճակատագիրը, ապա՝ գանք-հասնենք Արցախը որպես Ադրբեջան ճանաչելուն, ինչը դիվանագիտական և հայեցակարգային հիմնարար զիջում էր, որ փոխեց Արցախյան հիմնախնդրի բանակցային ողջ տրամաբանությունը և լեգիտիմ հիմքեր ստեղծեց Ադրբեջանի հետագա գործողությունների, այդ թվում՝ 2023թ. սեպտեմբերյան ռազմական ագրեսիայի և Արցախի հայաթափման համար։ Հասնելով 2024թ.-ին՝ Սոնիկի հիշողությունը թարմացնենք Տավուշի մարզում տարածքների հանձնումը հիշելով. հայկական կողմը զիջեց տասնամյակներ շարունակ կառուցված ամուր պաշտպանական բնագիծը՝ առանց դրա դիմաց ստանալու ՀՀ օկուպացված ինքնիշխան տարածքները վերադարձնելու հստակ երաշխիքներ մնացած սահմանային հատվածներում։ Եվ վերջապես Սոնիկին հիշեցնենք  Հայաստանի գրավյալ տարածների մասին, որոնց պատճառով խաթարված է ՀՀ տարածքային ամբողջականությունը, և որի հետ հաշտ է Նիկոլը. թեև սա ուղիղ իմաստով կամավոր զիջում չէ, սակայն ՔՊ-ի կողմից այդ տարածքները ռազմական կամ դիվանագիտական ճանապարհով հետ չվերադարձնելը և ստեղծված ստատուս-քվոյի փաստացի հանդուրժումը պետք է գնահատել՝ լուռ զիջում, որի նպատակն Իլհամին դուր գալն է։
 
Հուսանք՝ Սոնիկի աչքը կմտցնեն այս ամենը նրա ընդդիմադիր գործընկրենրը՝ փակելու ոչ միայն նրա, այլև նրա նմանների ճղճղան բերանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment