Ձերբակալվել է «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը

Քննչական կոմիտեն հաղորդում է, որ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է Գագիկ Ծառուկյանի և այլ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 8 մլրդ 126 մլն 946 հզր 460 ՀՀ դրամին համարժեք 21 մլն 72 հզր 827 ԱՄՆ դոլար արժողության գույքերը և դրամական միջոցները խաբեությամբ հափշտակելու և փողերի լվացում կատարելու առերևույթ դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը:

«Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա կոնցեռնի («Մուլտի գրուպ»՝ խմբ.) նախկին գլխավոր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Ս.Ա.-ի (Սեդրակ Առուստամյանի) և ընկերության տնօրեն Ա.Դ.-ի (Արթուր Դալլաքյան) նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելը) և 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելը):

2026 թվականի օգոստոսի 5-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշումների հիման վրա Ս.Ա.-ն և Ա.Դ.-ն ձերբակալվել են՝ դատարան ներկայացնելու նպատակով: 

Նախաքննությունը շարունակվում է»,- նշվում է հաղորդագրության մեջ։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment