Իրանն ու Օմանը առաջընթաց են գրանցել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնման շուրջ բանակցություններում, հայտնել է Associated Press-ը՝ հղում անելով տարածաշրջանային երկու պաշտոնյաների։
Քննարկվող համաձայնագրի համաձայն՝ նավերը Պարսից ծոց կմտնեն Իրանի կողմից վերահսկվող երթուղով, և դուրս կգան Օմանի վերահսկողության տակ գտնվող երթուղով։ Ենթադրվում է, որ նավերից վճար է գանձվելու նավագնացության անվտանգության ապահովման և ծովային միջավայրի պաշտպանության համար։
Բանակցությունները դեռ շարունակվում են, ուստի համաձայնագրի վերջնական պայմանները դեռ կարող են փոփոխվել։ Հնարավոր համաձայնությունը կապում են նաև իրանական նավահանգիստների նկատմամբ ամերիկյան շրջափակման վերացման հետ։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հաստատել է բանակցություններում արձանագրված առաջընթացը՝ նշելով, որ վերջնական համաձայնություն դեռևս ձեռք չի բերվել։ Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը դեմ է նավագնացության երթուղիների նկատմամբ վերահսկողությունը Իրանին հանձնելուն և նեղուցով անցնելու համար վճարների սահմանմանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Օմանն առաջարկել է ստեղծել Հորմուզի նեղուցի համատեղ տարածաշրջանային կառավարման համակարգ։
Նախաձեռնությունը նախատեսում էր նավագնացային ընկերությունների կամավոր մասհանումներ հատուկ հիմնադրամին՝ նավագնացության անվտանգության, շրջակա միջավայրի պաշտպանության և որոնողափրկարարական գործողությունների ֆինանսավորման համար։
Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի հետ վարվող բանակցությունների մասին, սակայն Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հերքել էր նրա խոսքերը։ Դիվանագետի խոսքով՝ Թեհրանը բանակցություններ է վարել միայն Օմանի հետ՝ Հորմուզի նեղուցի կառավարման հարցով։
Դրանից առաջ Թրամփը թույլատրելի էր համարել Իրանին նոր զանգվածային հարվածներ հասցնելու հնարավորությունը։ Ամերիկյան զինուժը վերսկսել էր հարձակումները երկրի տարածքի վրա հուլիսի 8-ին՝ ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի տապալումից հետո։
Մինչ պատերազմի սկսվելը, Հորմուզի նեղուցով էր անցնում աշխարհում վաճառվող նավթի և գազի մոտ մեկ հինգերորդ մասը։ Նավագնացության սահմանափակումը հանգեցրել է վառելիքի, պարարտանյութերի և այլ ապրանքների գների բարձրացմանը։
