Հայաստանի բանկերի միության տվյալներով՝ առևտրային բանկերում այս տարվա հունիսի վերջի դրությամբ առկա է մոտ 451 մլրդ դրամի գյուղատնտեսական վարկ։ Դա բանկային համակարգի ամբողջ վարկային պորտֆելի 5.1%-ն է։
Գյուղամթերքի մշակմամբ ու արտահանմամբ զբաղվող բազմաթիվ տնտեսվարողներ գործունեությունը կազմակերպելու կամ ընդլայնելու համար վարկային միջոցներ են ներգրավում։ Սակայն, այս տարվա ապրիլ-մայիսից, երբ հայկական գյուղամթերքի և մի շարք այլ ապրանքների առջև ռուսական շուկան փակվեց, այդ տնտեսվարողները փաստի առաջ կանգնեցին․ նրանց մի մասը չի կարողանում ժամանակին մարել վարկերը։
Արտահանողները ոչ միայն գյուղվարկեր են վերցրել, այլև՝ այլ բիզնես և սպառողական վարկեր, սակայն գյուղվարկերի պարագայում խնդիրն ավելի ակնհայտ է։
Հայաստանի բանկերի միությունը և Կենտրոնական բանկը վստահեցնում են, որ բանկերն ընդառաջում են վարկառուներին։ Ռուսական սահմանափակումների պատճառով ֆինանսական դժվարությունների բախված արտահանողների վարկային գրաֆիկները վերանայվում են, որպեսզի վերջիններս չդասակարգվեն, չկորցնեն վարկունակությունը և չհայտնվեն «սև ցուցակներում»։
«Ավելի քան 30 մլրդ դրամի վարկեր արդեն վերաձևակերպվել են։ Մի մասը դեռ չի դիմել, տարբեր գրաֆիկներ ունեն, որոշ արտահանողներ էլ ներքին շուկայի հաշվին խնդիրներ չունեն»,- օգոստոսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը։
Նույն օրը լրագրողների հետ մեկ այլ հանդիպմանը Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը, ներկայացնելով համակարգի այս տարվա առաջին կիսամյակի ցուցանիշները, նշեց, որ այս պահին բանկերում չաշխատող վարկերի տեսակարար կշիռը 1-2% է, մինչդեռ 2022 թվականից առաջ 5-7% էր։ Այսինքն՝ բանկերի վարկային պորտֆելի որակը բարելավվել է։
Բանկերի միության գնահատմամբ՝ ինչպես ռուսական սահմանափակումների, այնպես էլ առկա այլ խնդիրների հետևանքով բանկային համակարգում, գոնե այս պահին, չաշխատող վարկերի կշռի այնպիսի աճ չի սպասվում, որին բանկերը չկարողանան դիմակայել։
Այդ ռիսկերի շարքում դիտարկվեց նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում հարկադիր պարապուրդի հետևանքով աշխատակիցների եկամուտների նվազումն ու վարկունակության անկումը։
Փոխարենը ռիսկեր կան սպառողական և հիփոթեքային վարկերի տիրույթում։ Սրանք ամենամեծ տեսակարար կշիռն ունեն, ընդ որում՝ ամենաարագն աճում են սպառողական վարկերը։
Հայաստանի բանկերի միության վերլուծության համաձայն՝ այս տարվա հունիսի վերջի դրությամբ առևտրային բանկերի ընդհանուր վարկային պորտֆելը կազմել է 8.8 տրլն դրամ։ Տարեսկզբի համեմատ այն աճել է 11.5%-ով։
ՀՀ բանկերի վարկային պորտֆելն՝ ըստ տնտեսության ճյուղերի
30.06.2026թ. դրությամբ
Աղբյուրը՝ Հայաստանի բանկերի միություն
Ամենամեծ տեսակարար կշիռը շարունակում են զբաղեցնել սպառողական վարկերը, որոնց ծավալը հատել է 2 տրլն դրամը։ Կես տարում սպառողական վարկերն աճել են 13.1%-ով։ Մյուս վարկատեսակների համեմատ սա ամենաարագ աճն է։
«Սպառողական վարկերի և ֆիզիկական անձանց վարկային էական բեռի մասին հայտարարել է նաև Կենտրոնական բանկը։ Սպառողական վարկերը հիմնականում կարճաժամկետ են։ Այսօրվա անորոշությունից բխող խնդիրներ լինելու դեպքում դրանք նախ և առաջ կտեսնենք սպառողական վարկերի տիրույթում։ Սակայն այս ընթացքում նման խնդիրներ չեն եղել, բիզնես վարկերը շարունակել են աճել, ռեզիդենտների վարկերը՝ նույնպես, ինչը նշանակում է, որ ֆինանսական հասանելիությունն ընդլայնվել է»,- ասում է Բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։
Ամիսներ առաջ Կենտրոնական բանկից ևս հայտարարեցին, որ բանկերի կողմից ֆիզիկական անձանց ու բիզնեսին տրամադրվող վարկերն ավելի արագ են աճել, քան մարդկանց եկամուտները։ Վարկերի աճը գերազանցում է նաև տնտեսական աճը։ Կենտրոնական բանկը զգուշացրել է, որ սա ռիսկեր է պարունակում, քանի որ մեծացրել է քաղաքացիների վարկային բեռը։ ԿԲ-ում քննարկում են՝ սահմանափակե՞լ բանկերի վարկավորման ծավալները, թե՞ հարցը թողնել բանկերի և քաղաքացիների հայեցողությանը։
ՀՀ բանկերի վարկային պորտֆելի կառուցվածքի դինամիկան
30.06.2026թ. դրությամբ՝ 31.12.2025թ. համեմատ
Աղբյուրը՝ Հայաստանի բանկերի միություն
Հայաստանի բանկային պորտֆելի կառուցվածքում երկրորդ տեղում հիփոթեքային վարկերն են՝ մոտ 1.8 տրլն դրամ։ Թեև հիփոթեքային վարկերի աճի տեմպը նախորդ տարիների համեմատ նվազել է՝ պայմանավորված Երևանում եկամտային հարկի վերադարձի ծրագրի փուլային ավարտով, սակայն այս վարկերի մեծ ծավալը ևս ռիսկեր է պարունակում։
«Հիփոթեքի մասով հնարավոր է խնդիրներ ունենանք երկարաժամկետ հատվածում, քանի որ գործում է եկամտային հարկի վերադարձի ինստիտուտը։ Տարիների ընթացքում համամասնությունը փոխվելու է․ վարկառուներն ավելի շատ մայր գումար են վճարելու, քան վերադարձվող տոկոսագումարն է, ուստի այստեղ որոշակի խնդիրներ կարող են առաջանալ»,- ասում է Դանիել Ազատյանը։
Բայց մյուս կողմից էլ, ըստ նրա, այս ռիսկը կարող է զսպվել կամ չեզոքանալ այն համատեքստում, որ 5-7 տարի անց մարդկանց աշխատավարձերը կարող են ավելի բարձր լինել։
Բանկերի վարկային պորտֆելում սպառողական և հիփոթեքային վարկերին հաջորդում են շինարարության և սպասարկման ոլորտներին տրամադրված վարկերը։ Երկրորդ ինֆոգրաֆիկայում կարելի է նկատել, որ շինարարությանը տրվող վարկերն աճում են երկնիշ տեմպով։ Երկնիշ տեմպով աճել են նաև գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերը՝ չնայած ռուսական սահմանափակումների հետևանքով ստեղծված իրավիճակին։ Թե ինչ կլինի հետագա ամիսներին, Բանկերի միությունը չի շտապում կանխատեսումներ անել։
Առևտրի և արդյունաբերության ոլորտների վարկերի թե՛ տեսակարար կշիռն է փոքր պորտֆելում, թե՛ աճի տեմպն է համեմատաբար ցածր։
Ինչ վերաբերում է կոնկրետ այս տարվան, ապա բանկային համակարգում սպասվում է, որ երկրորդ կիսամյակում վարկերի աճի տեմպը կարագանա։ Քանի որ առաջին կիսամյակում խորհրդարանական ընտրություններ էին, դրան նախորդող քարոզարշավ, անորոշությունները շատ էին, մարդիկ նախընտրում էին սպասել և վարկեր չվերցնել, հատկապես՝ բիզնես կամ խոշոր սպառողական վարկեր։ Իսկ երկրորդ կիսամյակի համար որպես բանկային համակարգի ռիսկային գործոն դիտարկվում են աշխարհաքաղաքական զարգացումները՝ առաջին հերթին Հայաստանի՝ ԵԱՏՄ-ի կազմում մնալու անորոշության հետ կապված։
Հիշեցնենք, որ այս տարվա առաջին կիսամյակում (2026 թ. հունվար-հունիս) Հայաստանի 17 առևտրային բանկերը միասին ստացել են 214 մլրդ դրամի զուտ շահույթ։ 2025 թվականի առաջին կիսամյակի համեմատ բանկային համակարգի շահույթն աճել է 13.6 մլրդ դրամով կամ 6.8%-ով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter