ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանը մոտ ապագայում չբացի Հորմուզի նեղուցը, ապա «շատ հզոր հարված» կստանա, հայտնել են ԶԼՄ-ները։
«Նրանք ամբողջ օրը բանակցություններ են վարել։ Հորմուզի նեղուցը շատ շուտով կբացվի։ Եթե նրանք կրկին հետ կանգնեն, շատ ուժեղ հարված կստանան»,- հայտարարել է Թրամփը։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը ևս հայտարարել է, որ համաձայնություն կարող է ձեռք բերվել մեկ-երկու օրվա ընթացքում։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ Վաշինգտոնը մասնակցում է Իրանի և Օմանի միջև բանակցություններին՝ նեղուցով նավերի երթևեկությունն ավելացնելու և անվտանգ անցում ապահովելու նպատակով։
Axios-ի տվյալներով՝ ԱՄՆ-ը, Իրանը և Օմանը մոտ են 60-օրյա ժամանակավոր համաձայնության։ Այն նախատեսում է Հորմուզի նեղուցում անվտանգ նավագնացության ռեժիմի հաստատում և անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել։ Վաշինգտոնը ցանկանում է համաձայնության մասին հայտարարել օգոստոսի 5-ին։
Associated Press-ի տվյալներով՝ քննարկվող տարբերակով Պարսից ծոց մտնող նավերը կարող են անցնել Իրանի վերահսկողության տակ գտնվող երթուղով, իսկ դուրս եկող նավերը՝ Օմանի վերահսկած գոտով։ Անվտանգության և բնապահպանական ծառայությունների դիմաց վճարներ կսահմանվեն։
Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտնել է, որ Թեհրանն ու Մասկատը քննարկել են Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ երթևեկության կառավարման ընդհանուր սկզբունքներն ու գործնական մեխանիզմները՝ պահպանելով երկու առափնյա պետությունների ինքնիշխան իրավունքները։
«Օմանի հետ բանակցություններում որևէ երրորդ կողմ չի մասնակցում։ Դրանք ամբողջությամբ երկկողմ բանակցություններ են երկու առափնյա պետությունների միջև»,- հայտարարել է Բաղային։
Կատարը ևս մասնակցում է միջնորդական ջանքերին։ Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին և Թրամփը հեռախոսազրույցում քննարկել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև տարաձայնությունները նվազեցնելու և լարվածությունը թուլացնելու հնարավորությունները։
Հորմուզի նեղուցով նավագնացությունը պատերազմի ընթացքում կտրուկ նվազել է։ Իրանը սահմանափակել է երթևեկության մեծ մասը, իսկ ԱՄՆ-ը պահպանում է իրանական նավահանգիստների և Իրանի հետ կապված նավերի շրջափակումը։ Նեղուցը համաշխարհային նավթի և գազի փոխադրումների կարևորագույն ուղիներից է, և համաձայնության հնարավորության մասին տեղեկություններից հետո նավթի գները նվազել են։
ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ ռազմական գործողություններ էին սկսել փետրվարի 28-ին։ Ապրիլի 7-ին կողմերը հայտարարել էին երկշաբաթյա հրադադարի մասին՝ 40 օր տևած մարտերից հետո, սակայն Պակիստանում անցկացված բանակցությունները երկարաժամկետ կարգավորման չէին հանգեցրել։ Հետագա բանակցային գործընթացին միջնորդել էին Պակիստանը, Կատարը և Պարսից ծոցի մի շարք երկրներ։
Հունիսի 18-ին ԱՄՆ-ն և Իրանը ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում էր ռազմական գործողությունների դադարեցում և Հորմուզի նեղուցի վերաբացում։ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ կողմերը նաև համաձայնել էին 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնագրի հասնելու ճանապարհային քարտեզին և նեղուցով առևտրային նավերի անվտանգ անցումն ապահովող կապի ուղի էին ստեղծել։
Հունիսի վերջին ԱՄՆ-ն ու Իրանը միմյանց մեղադրել էին հուշագիրը խախտելու մեջ և վերսկսել փոխադարձ հարվածները, իսկ հուլիսի 7-ից ռազմական գործողությունները կրկին պարբերական բնույթ էին ստացել։ Հետագա տարաձայնությունների հիմնական հարցերից մեկը դարձել էր Հորմուզի նեղուցը․ Իրանը պնդել էր նավագնացության նկատմամբ իր իրավունքները, իսկ ԱՄՆ-ը պահանջել էր վերականգնել ազատ երթևեկությունը։
