Բարձրահարկի ստվերում

Արաբկիր վարչական շրջանի 23-րդ փողոցում կառուցվում է հերթական բնակելի բարձրահարկը՝ 9 հարկից բաղկացած: Կառուցապատողն ու սեփականատերը «Մեծն Էրիկ» ՍՊԸ-ն է։ Կառուցվող շենքից մի քանի մետր այն կողմ գտնվող առանձնատան սեփականատերերը՝ Սիմոն Սիմոնյանը և Աննա Ենգիբարյանը, ամիսներ շարունակ պայքարում են, որ այդ շենքը կառուցվի ըստ օրենքի: Եթե նախագծով հաստատված 9 հարկանի շենքը կառուցվի, իրենք կզրկվեն արևից, արևային կայանն էլ չի աշխատի: 

Շինթույլտվությունը տրամադրվել է 2026-ի ապրիլին։ Աննա Ենգիբարյանը նշում է, որ իրենցից գրավոր, նույնիսկ բանավոր թույլտվություն չեն հարցրել որպես պատակից հարևանի: Իրենք շինարարության մասին իմացել են միայն շինաշխատանքները սկսվելուց հետո:

 
Զանգահարել են «Մեծն Էրիկ» ՍՊԸ-ի գրասենյակ՝ խնդրելով տրամադրել նախագիծը։ Մերժում ստանալուց հետո դիմել են քաղաքապետարան, ապա ՄԻՊ, այնուհետև կրկին դիմում են գրել քաղաքապետարանին, որից հետո միայն մայիսի 14-ին ստացել են նախագծի փաթեթը:

Կառուցվող շինության ճարտարապետական նախագիծը մշակել է «Առկուս» ՍՊԸ-ն, իսկ ներքին ու արտաքին կոմունիկացիոն ցանցերը` «Երարխ» ՍՊԸ-ն: Երևանի քաղաքապետարանի Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության ներկայիս պետ Նարեկ Բարսեղյանը, որը Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի որդին է, մինչև 2021 թվականի ապրիլի 29-ը եղել է «Առկուս» ՍՊԸ-ի տնօրենը: Իսկ «Երարխ» ՍՊԸ-ում բաժնետեր է եղել քրոջ՝ Իզաբելա Բարսեղյանի հետ. հիմա միակ բաժնետերը քույրն է: 2021-2024 թթ. Նարեկ Բարսեղյանը աշխատել է Քաղաքաշինության կոմիտեում որպես ներդրումային առանձին գործառույթներ համակարգող խորհրդական: Նարեկ Բարսեղյանի ղեկավարած ներկայիս վարչությունն ապահովում է շենքերի կառուցման համար ճարտարապետահատակագծային առաջադրանքների կազմումը, որն էլ հիմք է հանդիսանում շինթույլտվության համար:

Աննա Ենգիբարյանը նշում է, որ նախագիծը ուսումնասիրելուց հետո նկատել են շինարարական նորմերի խախտումներ։ Տեսել են, որ նախագծում բացակայում է կառուցապատման խտության գործակիցը։




Կառուցապատման խտության գործակիցը ցույց է տալիս, թե տվյալ հողամասում ինչ ծավալի շենք կարելի է կառուցել. դա կառուցվող շենքի ընդհանուր մակերեսի հարաբերությունն է կառուցապատվող հողամասի մակերեսին:

Այդ գործակիցները սահմանված են շինարարական նորմերում, սակայն կառուցվող շենքի նախագծային պահանջի մեջ սահմանված չի եղել: Քաղաքաշինության կոմիտեն Աննա Ենգիբարյանի հարցմանը գրավոր պատասխանել է, որ տվյալ գոտում խտության առավելագույն գործակիցը 1.6 է: Կառուցվող շենքի վերգետնյա հարկերի ընդհանուր մակերեսը 3680 քմ է, հողամասի մակերեսը՝ 665.9 քմ:  Առանձնատան սեփականատերերը հաշվել են, որ կառուցապատման տարածքում խտության գործակիցը 3.46 անգամ գերազանցում է թույլատրված նորմատիվային սահմանը: Նրանք նշում են՝ եթե չխախտվեր այդ գործակիցը, խնդիրներ չէին լինի, շենքը բարձրահարկ չէր լինի, իրենք էլ ստվերում չէին մնա։

Դեռ 2024 թվականից բնակիչները, պետական սուբսիդիայի միջոցով և սեփական ներդրումները կատարելով,  արևային համակարգ են տեղադրել, սակայն մտավախություն ունեն, որ արևային կայանն էլ չի գործի: 

Այդ շենքում բնակարանների վաճառքն արդեն սկսված է։ Նախագծում երևում է, որ շենքն ունի լայնացող ելուստային հատված: Դա հաշվի առնելով՝ բնակիչները վստահ են, որ այդտեղ պահպանված չէ շիննորմերով սահմանված 6 մետր հակահրդեհային ճանապարհը: Աննա Ենգիբարյանը հարցումներ է ուղարկել Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին, քանի որ այդ կառույցն է իրավասու վերահսկելու շինարարական նորմերի պահպանումը և տրամադրելու օբյեկտի օրինականության վերաբերյալ տեղեկատվություն: Պատասխաններից առաջինում նշված է եղել, որ ստուգման ժամանակ չափել են՝ վեցից ավել է, երկրորդ պատասխանում նշված է, որ նախագծում գրված է՝ վեց մետրը պահպանված է:

Այս շինության նախագիծը ստացել է «Լավո» ՍՊԸ-ի դրական եզրակացությունը։ Ընկերությունը «Հետքին» հայտնել է, որ նախագծում որևէ թերություն չեն արձանագրել: Նախագիծը ստացել է նաև համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: 

Հիմա բնակիչները դատական հայց են ներկայացրել, վարույթ է ընդունվել, գործը քննվում է, շինարարությունն էլ՝ շարունակվում:

Մանրամասները՝ տեսանյութում։ 



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment