Տոկաևի տեքստում բացարձակապես չէր հիշատակվել ԵԱՏՄ-ում համագործակցության մասին. Քամալյան

Տոկաևի տեքստում բացարձակապես չէր հիշատակվել ԵԱՏՄ-ում համագործակցության մասին. Քամալյան

Հրապարակախոս Գագիկ Քամալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ղազախստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին՝ վարչապետ ընտրվելու կապակցությամբ։ Ուշադրությամբ կարդացի տվյալ տեքստը, և շատ հետաքրքիր է, որ այդ տեքստում բացարձակապես չէր հիշատակվել ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության մասին, այլ շեշտադրվում է երկկողմ համագործակցության կարևորությունը և հետագա զարգացումը։

Հաշվի առնելով, որ վերջերս Տոկաևը Ռուսաստանի հետ կապված ևս մի քանի ուշագրավ հայտարարություններ էր արել, դա նշանակում է, որ Կենտրոնական Ասիայի ամենաազդեցիկ երկրներից մեկը ևս, կարելի է ասել, սկսել է դիստանցավորվել Ռուսաստանի վարած նեոգաղութատիրական, ագրեսիվ քաղաքականությունից, և կամաց-կամաց այդ ռեգիոնի երկրները ևս փորձում են ձևավորել դիմադրողականություն ընդդեմ ռուսական ազդեցության։

Սրանք շատ դեպքերում ակնհայտորեն չերևացող պրոցեսներ են, բայց դրանք արդեն առկա են և արտացոլվում են որոշակի աշխարհաքաղաքական զարգացումներում՝ սկսած Տրանս-Կասպյան միջազգային տրանսպորտային երթուղու շուրջ ծավալվող զարգացումներից մինչև ԱՄՆ-ի հետ կնքված բազմաթիվ համագործակցության համաձայնագրեր։

Շատերին թվում է, որ ռուսական կողմի թիրախում միայն Հայաստանն է ու Նիկոլ Փաշինյանը, բայց Հայաստանն ու Փաշինյանը այդ ամբողջ հակադրության օղակներից մեկն են։ Իսկ ամենամեծ հակադրությունը ռուսական շահերի հետ այն է, որ այդ «Միջին միջանցք» կոչվածը գլոբալ այլընտրանք է դառնում ռուսական ուղով անցնող ճանապարհներին, իսկ դա ավտոմատ կերպով նվազեցնում է ռուսական ազդեցության գործիքները։ Իսկ Ռուսաստանի համար շատ ավելի ցավոտ կարող է լինել այդ ամենը, եթե նրանք այդ գործընթացից ամբողջովին անմասն մնան, և այդ զարգացումներում ծանրակշիռ դերակատարում ունեցողները՝ սկսած Արևմուտքից մինչև Արևելք, Ռուսաստանին կարծես թե չեն տեսնում այդ պրոցեսի մաս։

Թե բա՝ Փաշինյանը փչացրել է հայ-ռուսական հարաբերությունները, դրա համար է Ռուսաստանը արգելում հայկական ապրանքների մուտքը ռուսական շուկա։ Այսպես մտածելու համար կամ պետք է ոչինչ չհասկանալ քաղաքականությունից, կամ էլ պարզապես պետք է գործակալ լինել, որ նման պնդումներ կաիողանաս անել։

Սա, ինչպես վերևում նշեցի, մեծ աշխարհագրություն ունեցող պրոցես է, ու Հայաստանը հնարավորություն է ձեռք բերել դառնալու դերակատար, ունենալու միջազգային կապիտալի և զարգացումների մեջ իր փայաբաժինը, և ամենակարևորն է՝ քաղաքական առումով հնարավորություն ունի նոր խաղաղ միջավայր ձևավորելու, նվազեցնելու ռեգիոնալ էսկալացիաների ռիսկերը, ինչը պետության գոյատևման համար ունի կարևորագույն նշանակություն։

Այո, Ռուսաստանն ունի լուրջ ճնշման գործիքներ բոլորի վրա, Հայաստանի վրա՝ ավելի մեծ, որովհետև նշված շրջանակներում ամենաթույլ դիմադրողականությամբ երկիրը Հայաստանն է։ Բայց արդյո՞ք այդ ճնշումների արդյունքում վճարվելիք գինն է կարևոր, թե՞ այն կապիտալ ձեռքբերումները, որոնք արդեն սկսել են իրականանալ։

Քաղաքական ու պետական ազգերը մնացածից տարբերվում են նրանով, որ իրենք կարողանում են պետական կապիտալ շահեր գեներացնել։ Էթնոմշակութային շրջանակներում աշխարհին նայող ժողովուրդները ապրում են զգացմունքներով և սոցիալական փոքր խնդիրները հաղթահարելու գիտակցությամբ։

Հիմա հայաստանյան հասարակությունը քաղաքականապես կանգնած է հենց այդ ճամփաբաժանի առջև․ կամ մնում է էթնոմշակութային շրջանակներում ապրող ժողովուրդ, կամ դառնում է պետական արժեքներ կրող ազգ»։

Leave a Comment