ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Սաֆոլք շրջանի առողջապահության վարչությունը հայտնել է տուլարեմիայի՝ այսպես կոչված «ճագարային տենդի» երեք հավանական դեպքի մասին։
Լոնգ Այլենդ կղզու Սաֆոլք շրջանում նախորդ տարիներին արձանագրվել են «ճագարային տենդի» ընդամենը մի քանի դեպքեր։ Շրջանի առողջապահության վարչության տվյալներով՝ 2024 թվականին գրանցվել է 4 դեպք, 2023 թվականին՝ 3, իսկ 2022 թվականին՝ 1 դեպք։
ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) տվյալներով՝ տուլարեմիայի դեպքերն առավել հաճախ գրանցվում են մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում։ Մասնագետները նշում են, որ վարակը կարող է առաջանալ վարակված կաթնասունին, սովորաբար՝ ճագարին, նախապես կծած տզերի կամ ճանճերի խայթոցից։ Մարդը կարող է վարակվել նաև հիվանդ կենդանու հետ անմիջական շփման, աղտոտված ջրի օգտագործման միջոցով։
