Այս տարվա առաջին կիսամյակում (2026 թ. հունվար-հունիս) Հայաստանի 17 առևտրային բանկերը միասին ստացել են 214 մլրդ դրամի զուտ շահույթ։
Ինչպես ցույց է տալիս բանկերի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների հիման վրա «Հետք»-ի վերլուծությունը, 2025 թվականի առաջին կիսամյակի համեմատ բանկային համակարգի շահույթն աճել է 13.6 մլրդ դրամով կամ 6.8%-ով։
2026 թվականի հունվար-հունիսին բոլոր բանկերն աշխատել են շահույթով։ Ամենամեծ շահույթն ապահովել է «Արդշինբանկ»-ը՝ մոտ 69 մլրդ դրամ։ Երկրորդ տեղում «Ամերիաբանկ»-ն է՝ 40 մլրդ դրամ շահույթով:
Ստացվում է, որ ամբողջ համակարգի շահույթի կեսից փոքր-ինչ ավելին բաժին է ընկել նշված երկու բանկին։
Հաջորդող բանկերի շահույթն էապես ավելի ցածր է։ Երրորդ տեղում «ԱԿԲԱ բանկ»-ն է (16,5 մլրդ դրամ):
Բացարձակ թվով շահույթի ամենամեծ աճն ապահովել են «Ամերիաբանկ»-ն ու «ԱՄԻՕ բանկ»-ը (տե՛ս ինֆոգրաֆիկան)։ Նրանց արձանագրած աճն էական ազդեցություն է ունեցել համակարգի ընդհանուր շահույթի վրա։
Հաշվետվությունից երևում է, որ «Ամերիաբանկ»-ի շահույթի աճը պայմանավորված է հիմնականում տոկոսային եկամուտների ավելացմամբ, օրինակ՝ տրամադրված վարկերից ստացված և ավանդատուներին վճարած տոկոսների տարբերությամբ (զուտ տոկոսային եկամուտ)։
Իսկ «ԱՄԻՕ բանկ»-ի պարագայում շահույթն աճել է ոչ թե վարկավորումից ստացված տոկոսային եկամուտների ավելացման, այլ ֆինանսական գործիքների գծով կորուստների կրճատման հաշվին։ Սա կարող է նշանակել, որ բանկի վարկային պորտֆելի որակը լավացել է, ավելի քիչ է կորցրել չվճարվող կամ ռիսկային վարկերի պատճառով։
Շահույթի ամենամեծ անկումը գրանցել է «Էվոկաբանկ»-ը։
«Ֆասթ բանկ»-ի ու «Ինեկոբանկ»-ի շահույթները ևս կրճատվել են։
Թեև բոլոր բանկերն են աշխատել շահույթով, սակայն նրանցից վեցի շահույթը նվազել է նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ։
Ակնհայտ է, որ 2022-2024 թվականների, ինչպես նաև 2025 թվականի ինչպես ամբողջ տարվա, այնպես էլ առաջին կիսամյակի համեմատ բանկային համակարգի շահույթի աճը դանդաղել է։ Եթե այս տարվա առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ, համակարգի շահույթն աճել է մոտ 7%-ով, ապա 2025 առաջին կիսամյակում այն աճել է 17%-ով, տարեկան տվյալներով ևս աճը այդքան է։
Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանի խոսքով՝ բանկային համակարգում ոչ մի արտառոց բան չի կատարվել, որը կարող էր հանգեցնել շահույթի աճի տեմպի նվազմանը։
2022 թվականին մեկնարկած ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված մարդկանց և փողերի ներհոսքը բանկային համակարգի համար էական շահույթներ ապահովեցին, իսկ հիմա այդ գործոնները թուլացել են։
«Հիմնական պատճառը և հետևությունն այն է, որ նախորդ տարիներին, առաջին հերթին, շահույթի բացարձակ թվերն ավելի ցածր են եղել, և բազայով պայմանավորված՝ տոկոսային աճն ավելի բարձր է ստացվել։ Երկրորդ՝ նախորդ տարիներին գրանցված շահույթները հիմնականում պայմանավորված էին աշխարհաքաղաքական գործոններով, իսկ հիմա բնական աճ է։ Եթե տարվա արդյունքներով շահույթի 6-7% աճ լինի, կարծում եմ՝ դրական ցուցանիշ կլինի։ Հնարավոր է՝ ավելին լինի»,- օգոստոսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Դանիել Ազատյանը։
ՀՀ բանկային համակարգի շահույթը՝ սկսած 2022 թվականից
Աղբյուրը՝ Հայաստանի բանկերի միություն
Այն հարցին, թե այսօր բանկերի շահույթի հիմնական մասն ի՞նչ աղբյուրներից է գոյանում, Ազատյանը պատասխանեց, որ դրանք ավանդաբար վարկերի տոկոսային եկամուտներն են։
«Վերջին տարիներին բանկերը շահույթ են ստանում նաև միջազգային գործարքներ սպասարկելու արդյունքում. միջազգային շուկայում տոկոսադրույքների բարձրացման հետևանքով բանկերն իրենց միջոցները կարճաժամկետ տեղաբաշխում են և ստանում լրացուցիչ շահույթներ»,– նշեց Ազատյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter