Հայաստանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մարմիններում ձայնի իրավունքից զրկելու հնարավոր որոշումը պետք է ընդունվի կոնսենսուսով, հայտարարել է կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը «ՌԻԱ Նովոստի»-ին։
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի կունենա նոյեմբերի 11-ին Մոսկվայում, որտեղ անդամ երկրների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այդ հարցը։
«Որոշումը, եթե դրա անհրաժեշտությունը լինի, կընդունվի կոնսենսուսով»,- ասել է Վասիլևը։
Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը նախատեսում է կազմակերպության բյուջեի նկատմամբ պարտքը երկու տարվա ընթացքում չմարած պետությանը զրկել ՀԱՊԿ մարմիններում ձայնի և կազմակերպության քվոտային պաշտոններում իր քաղաքացիներին առաջադրելու իրավունքից՝ մինչև պարտքի ամբողջական մարումը։
Վասիլևի խոսքով՝ Հայաստանը ավելի քան երկու տարի իր քաղաքացիներին չի առաջադրում ՀԱՊԿ քարտուղարության քվոտային պաշտոններում և կազմակերպության Միացյալ շտաբից հետ է կանչել իր ներկայացուցիչներին։
Հայաստանը 2024 թվականից սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դաշինքը չի կատարել Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունները 2021-2022 թվականներին։ 2026 թվականի հունիսին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Թաալաթբեկ Մասադիկովը հայտնել էր, որ Հայաստանն արդեն երրորդ տարին չի վճարում կազմակերպության անդամավճարները՝ դե յուրե մնալով ՀԱՊԿ անդամ։
ՀԱՊԿ կանոնադրության համաձայն՝ կազմակերպության խորհրդի, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների խորհուրդների, ինչպես նաև Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի որոշումներն ընդունվում են կոնսենսուսով։ Միևնույն ժամանակ, անդամ պետության պարտավորություններին առնչվող որոշումները կարող են ընդունվել առանց այդ երկրի ձայնը հաշվի առնելու։