
Ուկրաինայի զինված ուժերն անօդաչու թռչող սարքերով հարվածել են Լենինգրադի մարզում գտնվող Wildberries-ի և Russ-ի պահեստներին, հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն։ «Տոսնենսկի շրջանի Կրասնի Բոր բնակավայրի պահեստային գոտում ԱԹՍ-ի հարվածից հետո հրդեհ է բռնկվել»,- նշել է նա։
Նահանգապետի խոսքով խոցվել է 17 անօդաչու թռչող սարք։ Մեկ մարդ վիրավորվել է։ Այս պահին տարածաշրջանում անօդաչու սարքերի հարձակման սպառնալիքը վերացված է։
Ուկրաինական ԱԹՍ-ները գիշերը հարձակվել են նաև Մոսկվայի մարզի վրա, հայտնել է մարզպետ Անդրեյ Վորոբյովը։ Նրա տվյալներով՝ զոհվել է հինգ մարդ, ևս վեցը վիրավոր է։ Հաղորդվում է, որ հիմնական հետևանքները գրանցվել են Չեխովի քաղաքային շրջանում։ Նովոսելկի արդյունաբերական գոտում ԱԹՍ-ի հարվածի հետևանքով հրդեհներ են բռնկվել, որոնցից մեկը՝ պահեստում։ Թե որ պահեստի մասին է խոսքը, չի հստակեցվում։