Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ տարաձայնություններ ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման պլանի վերաբերյալ, փոխանցել է Ալ Ջազիրան։
«ՀԱՄԱՍ-ը պետք է զինաթափվի, իսկ Գազայի հատվածը՝ ապառազմականացվի, նախքան վերականգնման փուլին անցնելը»,- լրատվականի փոխանցմամբ՝ ասել է Նեթանյահուն։
Հեռուստաալիքը հստակեցրել է, որ վարչապետն այս մեկնաբանություններն արել է Խաղաղության խորհրդի գերագույն ներկայացուցիչ Նիկոլայ Մլադենովի հետ հանդիպումից հետո:
The Times of Israel թերթն օգոստոսի 3-ին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Իսրայելը մտադիր չէ հետ քաշել զորքերը սահմանազատման «դեղին գծից», որը բաժանում է Գազայի հատվածի պաղեստինյան մասն այն տարածքից, որը վերահսկվում է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) կողմից։
Իսրայելում հայտարարել են, որ հետ չեն քաշի զորքերը մինչև ՀԱՄԱՍ-ի լիակատար զինաթափումը։
Ընդ որում, ինչպես հայտնել է The Times of Israel պարբերականը, Խաղաղության խորհրդի ներկայացուցիչները և անանուն ամերիկացի պաշտոնյաները դժգոհություն են արտահայտել իսրայելական կողմի դիրքորոշման կապակցությամբ, քանի որ երկրի իշխանություններին արդեն մի քանի ամիս հայտնի էին պլանի դրույթները։
Թրամփը հուլիսի 31-ին հայտարարել էր , որ Խաղաղության խորհրդի առաջարկած համաձայնագիրը նախատեսում է ՀԱՄԱՍ-ի լիակատար զինաթափում: Ենթադրվում է, որ շարժման ապառազմականացումից հետո իսրայելական զորքերը կլքեն տարածաշրջանը, իսկ «կայունացման միջազգային ուժերը կհամագործակցեն պաղեստինյան նոր ոստիկանության հետ՝ ստանձնելու Գազայի բնակիչների և նրա հարևանների անվտանգության ապահովման պատասխանատվությունը»։
Ընդ որում, ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները բազմիցս ընդգծել են, որ զենքը վայր չեն դնի այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելը չի լքել Գազայի հատվածը և չի կատարել այն պարտավորությունները, որոնք ստանձնել է ավելի վաղ կնքված հրադադարի համաձայնագրի շրջանակներում։
