Կամերունի դրոշի ներքո նավարկող Nadezhda նավը, որը թուրքական Սամսուն նավահանգստից Նովոռոսիյսկ էր տեղափոխում մրգեր և բանջարեղեն, Սև ծովում ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ հարձակման հետևանքով վիրավորվել են չորս նավաստիներ, այդ թվում՝ երեք թուրք։
Թուրքական լրատվամիջոցների տվյալներով՝ նավը հարձակման է ենթարկվել տեղական ժամանակով ժամը 16:30-ի սահմաններում, Նովոռոսիյսկից մոտավորապես 30 մղոն հեռավորության վրա։ Նավի կապիտան Յալչին Շահինի խոսքով՝ հարձակման ժամանակ օգտագործվել է վեցից յոթ ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Հարվածները հրդեհ են առաջացրել նավի վրա։
118 մետրանոց Ro-Ro բեռնատար Nadezhda նավը կառուցվել է 1978 թվականին Դանիայում։ Հանրային գրառումների համաձայն՝ այն պատկանում է Nadezhda Roro Inc-ին, իսկ դրա գործառնական և տեխնիկական ղեկավարը թուրքական Kalyoncu Ro Ro Denizcilik ընկերությունն է։
