«Հայաստան» դաշինքի թեկնածուի և շտաբի ղեկավարի գործով նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

Քննչական կոմիտեն հայտնել է, որ ավարտվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի և շտաբներից մեկի ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։

ՔԿ-ի փոխանցմամբ՝ նախաքննության ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ 2026 թվականի ապրիլ-մայիս ամիսներին «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու առաջադրված Հ․Դ․-ն և շտաբներից մեկի ղեկավար Հ․Ս․-ն դաշինքի հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռել են Ս․Մ․-ին։

Ըստ հաղորդագրության՝ քաղաքացուն աշխատանքի տեսքով քողարկված ձևով խոստացել են վճարել 150 հազար դրամ։

Հսկող դատախազի որոշմամբ Հ․Դ․-ի և Հ․Ս․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Leave a Comment