Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ կապվող փակված ընկերությունների աշխատակիցներն ու ղեկավարները կառավարության շենքի մոտ անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ հայտնել են ֆինանսական և հեղինակության վնասների մասին՝ պահանջելով վերաբացել իրենց աշխատավայրերը։
Հեռարձակումը վարել է Armenia Today-ը իր YouTube ալիքում։
«Արմեն» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Թորոսյանը հայտարարել է, որ իր ղեկավարած ընկերությունը չի մտնում «Մուլտի գրուպի» կազմի մեջ։ Նրա խոսքով՝ ինքը վարձակալել է Հովհաննես Ծառուկյանին պատկանող տարածքում գործող բենզալցակայանը, սակայն այն ևս փակվել է։
«Ես այս տարածքը վարձով եմ վերցրել և աշխատում եմ։ Ինձ մոտ էլ են եկել ու ամսի 6-ից փակել են, բայց մինչև այսօր ոչ մի պատասխան չեն տալիս։ Այդ տարածքը պարոն Գագիկ Ծառուկյանին չի պատկանում, պատկանում է Հովհաննես Ծառուկյանին»,- հայտնել է Թորոսյանը։
Նրա խոսքով՝ ընկերությանը հայտնել են գրանցում կատարելու անհրաժեշտության մասին, սակայն համապատասխան աշխատանքները չեն իրականացվել։ Թորոսյանը նաև նշել է, որ ընկերությանը մոտ 500 մլն դրամի վճարման պահանջ է ներկայացվել։
«Իրենց հաշվարկով մոտ 500 մլն դրամ են գրել՝ ասելով, որ հարկ ենք թաքցրել: Չգիտեմ՝ այդ թիվն ինչպես են հաշվարկել»,- նշել է նա։
Multi Rest House հյուրանոցի տնօրեն Գևորգ Անտոնյանը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակի պատճառով հյուրանոցները զրկվել են զբոսաշրջային բարձր սեզոնին աշխատելու հնարավորությունից և վնասներ են կրել ոչ միայն ֆինանսական, այլև հեղինակության առումով։
«Հուլիսը կորցրինք, օգոստոսը կորցրինք, սեպտեմբերին էլ, հավանաբար, նույն գործընթացը կշարունակվի։ Մենք ոչ միայն նյութական վնաս ենք կրել, այլև զբոսաշրջության միջազգային շուկայում կորցնում ենք մեր անունն ու հեղինակությունը»,- ասել է նա։
Տնօրենի խոսքով՝ հոկտեմբերին Հայաստանում անցկացվելիք COP17 համաժողովի շրջանակում երկիր պետք է ժամանի ավելի քան 10 հազար հյուր, որոնցից ավելի քան 600-ը պետք է տեղավորվեն իրենց հյուրանոցներում։
«Ամբողջ քաղաքն արդեն ծանրաբեռնված է, ամրագրումները կատարված են։ Ավելի քան 600 հյուրի որտե՞ղ ենք տեղավորելու։ Խնդրում ենք այս հարցին պատասխանել, որպեսզի հասկանանք՝ ինչ պետք է ասենք մեր միջազգային գործընկերներին»,- նշել է նա։
Ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարել է, որ փակված ընկերությունների ներկայացուցիչներն իրավական բոլոր անհրաժեշտ քայլերը կատարել են, սակայն իրենց հարցերի լուծումը ձգձգվում է։
«Բոլոր դիմումները ներկայացված են, իրավաբաններն աշխատում են։ Այս ամենը պարզապես ձգձգում են։ Մենք պետք է մեկ մարդու նման կանգնենք և պահանջենք, որ հնարավորինս շուտ բացեն մեր հիմնարկները»,- ասել է նա։
Աշխատակիցը շեշտել է, որ ցուցարարները ցանկանում են միայն վերադառնալ իրենց աշխատավայրերը։
«Մենք ոչ կռիվ ենք անում, ոչ էլ որևէ անշնորհքություն։ Մենք ընդամենը ուզում ենք, որ, ինչպես ոստիկաններն ու կառավարության աշխատակիցներն են եկել աշխատանքի, այնպես էլ մենք գնանք աշխատանքի։ Մենք ուրիշ տեղ չենք ուզում աշխատել, մենք ունենք մեր աշխատատեղերը»,- հայտարարել է նա։
Ակցիայի մասնակիցները վանկարկել են «Վերաբացում» և «Արդարություն»՝ հայտարարելով, որ շարունակելու են բողոքի ակցիան մինչև փակված ընկերությունների վերաբացման ժամկետների վերաբերյալ հստակ պատասխան ստանալը։
Ակցիայի ավարտին մասնակիցներից մեկը հայտնել է, որ ցուցարարներից երեքը մեկնում են Քննչական կոմիտե՝ կառույցի նախագահի տեղակալի հետ հանդիպելու։
Հուլիսի 6-ին Քննչական կոմիտեն հայտնել էր առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման վարույթի շրջանակում Գագիկ Ծառուկյանի և ևս մեկ անձի ձերբակալության, ինչպես նաև ավելի քան 70 հասցեներում խուզարկությունների մասին։ Հուլիսի 7-ին դատարանը Ծառուկյանին երկու ամսով կալանավորել էր։ Իրավապահների գործողություններից հետո նրա հետ կապվող բազմաթիվ ձեռնարկություններ կապարակնքվել էին։
Փակված ձեռնարկությունների աշխատակիցները հուլիսի 13-ից պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացրել ՝ պահանջելով թույլ տալ վերսկսել աշխատանքը։ Ակցիաներին մասնակցել են «Մուլտի Սթոուն», «Մուլտի Տաբակ», «Մուլտի Գրանդ», «Մուլտի Ռեստ Հաուս», «Օլիմպավան», Euro Motors և այլ ընկերությունների աշխատակիցներ։
Աշխատակիցների բողոքի ակցիայից հետո «Արարատցեմենտը» հուլիսի 10-ին վերսկսել էր արտադրական գործընթացը։ Հուլիսի 15-ին Հակակոռուպցիոն դատարանը Գլխավոր դատախազության միջնորդությամբ ընկերության բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը հանձնել էր Հայաստանի Հանրապետությանը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում։
«Մուլտի Ուելնես» համալիրը հուլիսի 16-ին դարձել էր Երևանի քաղաքապետարանի սեփականությունը, իսկ հուլիսի 31-ին վերաբացվել «Երևան Ուելնես Սենթր» անվամբ։ «Մուլտի Ուելնեսի» տնօրեն Արման Փիրոյանը հետագայում հայտարարել էր, որ համալիրում գտնվող շարժական գույքը պատկանում է ընկերությանը և քաղաքապետարանից պահանջել էր պարզաբանել դրա օգտագործման իրավական հիմքերը։
Հուլիսի 30-ին՝ հարկադիր պարապուրդի 23-րդ օրը, նրանք Կառավարության շենքի մոտ կրկին պահանջել էին նշել ձեռնարկությունների վերաբացման հստակ ժամկետը, սակայն հանդիպումից հետո հայտարարել էին, որ կոնկրետ պատասխան չեն ստացել։
Հուլիսի 30-ին դատարանը Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Էկոնոմիկայի նախարարության, հանձնել էր նաև Երևանի «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը։
Օգոստոսի 3-ին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է , որ կոմբինատի կառավարիչ է նշանակվել Գարիկ Բոշյանը։
