Ավետ Կոնջորյանի վերաբերյալ ստացված հաղորդման հիման վրա ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել

«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հայկ Կոնջորյսնի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի վերաբերյալ ստացված հաղորդման հիման վրա խուլիգանության հոդվածի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել, հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից։

ՔԿ-ից պարզաբանել են, որ քրեական վարույթը նախաձեռնվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի՝ Դատախազություն ներկայացրած հաղորդման հիման վրա, որն ուղարկվել է ՔԿ:

Հաղորդումը վերաբերում է Ավետ Կոնջորյանի կողմից հրապարակային վայրում, մեքենայից, «առերևույթ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու» դեպքին։

Հուլիսի 27-ին սոցիալական ցանցերում տարածվել էր Աբովյանում նկարահանված տեսանյութ, որում մի խումբ անձինք ծեծի էին ենթարկում Ավետ Կոնջորյանին։ Քննչական կոմիտեն Armenia Today-ին հայտնել էր դեպքի առթիվ քրեական վարույթ նախաձեռնելու և ձերբակալությունների մասին։

«Հետք»-ի տվյալներով՝ ծեծին նախորդել էր գործարար տարաձայնությունների հետ կապված հակամարտություն։

Հայկ Կոնջորյանը հայտարարել էր, որ մտադիր է դատական հայցեր ներկայացնել այն անձանց դեմ, որոնք, նրա խոսքով, եղբոր ծեծի կապակցությամբ կեղծ տեղեկություններ և զրպարտություն են տարածում։

Leave a Comment