Նայել պատկերին մտածողի աչքերով․ Ռոլան Բարթի հանրահայտ «Լուսավոր խցիկը»՝ արդեն հայերեն. «Վերնատուն»

Հայերեն թարգմանությամբ լույս է տեսել 20-րդ դարի ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա, քննադատ և նշանագետ Ռոլան Բարթի հանրահայտ «Լուսավոր խցիկը» (La Chambre Claire) աշխատությունը։ Սա լուսանկարչության փիլիսոփայության ու ընկալման մասին թերևս ամենաազդեցիկ գրքերից մեկն է։

Այս հրատարակությունը «4Պլյուս» վավերագրական լուսանկարչության կենտրոնի մատենաշարի երկրորդ գիրքն է․ առաջինը՝ Վալթեր Բենիամինի «Լուսանկարչություն և պատմություն» ժողովածուն էր։

Ռոլան Բարթի «Լուսավոր խցիկը» աշխատության կարևորության և արդիականության մասին զրուցում ենք գրքի թարգմանիչ Կարին Գրիգորյանի և «4Պլյուս» կենտրոնի համահիմնադիր, լուսանկարիչ Նազիկ Արմենակյանի հետ։

«Երբ ծանոթացա գրքին, հասկացա, որ սա մի լեզու է, որի պակասը հայերենում կա։ Սա լուսանկարչության և պատկերի ընկալման մասին է։ Այդ ժամանակ ես լուսանկարչությամբ էի զբաղվում և հասկանում էի, որ բառապաշարի բացակայության պատճառով հայերենով դժվարանում ենք խոսել լուսանկարչության մասին։ Ռոլան Բարթի այս գիրքն ամենամեծ ազդեցություն թողած աշխատություններից է՝ մինչ օրս ամենաշատ մեջբերվողն ու թարգմանվողը »,- ասում է Կարին Գրիգորյանը։

 «Այս հեղինակները ձևավորում են լուսանկարչության ոչ թե տեխնիկական, այլ մտածողության լեզուն»,- նշում է Նազիկ Արմենակյանը, խոսելով լուսանկարչության մատենաշարի մասին։

«Եթե մտածող լուսանկարիչ ես, քեզ օգնում են նաև լուսանկարի մասին մտածողների տեքստերը։ Լուսանկարչության մասին գրող բոլոր կարևոր հեղինակները գալիս են գրականագիտությունից և մշակութաբանությունից։ Նրանք բացառիկ մտածողներ են, որոնք առանձնակի ուշադրություն են դարձրել լուսանկարչական պատկերին»,- ավելացնում է Կարին Գրիգորյանը:

Ռոլան Բարթը խոսել է լուսանկարի և մահվան երևութաբանական կապի մասին․ այս գիրքը գրելիս նրան առաջնորդել է երկու սեր՝ իր մոր և լուսանկարչության հանդեպ։ Հեղինակը ցույց է տալիս նաև, թե ինչպես զանազանել ու ընտրել այն լուսանկարը, որը քոնն է»։

Եթե այսօր գործ ունենք լուսանկարների ահռելի քանակի հետ, շատ կարևոր է, թե ինչպես ենք դրանք տեսնում։ Այսօր անհրաժեշտ են լուսանկարների հետ վարվելու ուղեցույցներ, և դրանցից մեկն հենց այս գիրքն է։ Այն մղում է պատկերին նայել մտածողի աչքերով։ Գրքի առանձնահատկություններից կամ փիլիսոփայական արժեքից մեկն էլ լուսանկարի կամ պատկերի հարաբերությունն է ժամանակի հետ։

Գրքի հետ լույս է տեսել նաև «Բարդ Բարտ Բարթ» ուղեկից պարբերականը, որտեղ ներառված է  հայերեն թարգմանության պատմությունը,  գրքի խմբագիր Մարկ Նշանյանի ներածական խոսքը, ինչպես նաև նրա թարգմանությամբ Ռոլան Բարթի երկու հարցազրույցները, որոնք տպագրվել են ֆրանսիական «Le Photographe» հանդեսում: Այդ հարցազրույցներն արվել էին 1977 թ. և 1979 թ.՝ «Լուսավոր խցիկը» գրելուց առաջ և ավարտելուց հետո:

Leave a Comment