Արարատի մարզի Գետափնյա-Ղուկասավան բնակավայրերի միջակայքում գտնվող աղբավայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Գերատեսչությունը հայտնել է, որ 5000 քմ տարածքում շինարարական աղբ է այրվում։ Հրդեհի մասին ահազանգն ստացվել էր օգոստոսի 2-ին՝ ժամը 22։10-ին։
Դեպքի վայր էին մեկնել չորս մարտական հաշվարկ, ինչպես նաև Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են օգոստոսի 3-ին՝ ժամը 06։26-ին։ Տուժածների մասին չի հաղորդվել։
