Թեհրանը գտնում է, որ Կասպից ծովում առևտրային նավին հարվածը հասցվել է դիտավորյալ՝ չնայած ուկրաինական իշխանությունների հակառակ պնդումներին։ Այս մասին ՌԲԿ – ի տվյալներով ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, փոխանցում է ILNA-ն։
Բաղայիի խոսքով՝ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաբչիի հետ հեռախոսազրույցում և հետագա հաղորդագրություններում ուկրաինական կողմը պնդել է, թե հարվածը եղել է ոչ միտումնավոր։ Ավելի վեր Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Անդրեյ Սիբիհան X սոցիալական ցանցում գրել էր, որ իրանցի պաշտոնակցի հետ զրույցում կոչ է արել «զերծ մնալ էսկալացիոն ցանկացած քայլից» և հայտարարել, որ Ուկրաինան «երբեք նպատակ չի ունեցել հարձակվել քաղաքացիական նավերի վրա»։
«Այնուամենայնիվ, առկա ապացույցներն ու փաստերը, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահի ուղղակի հայտարարությունները, վկայում են այն մասին, որ այդ հարձակումը եղել է մտադրված», — հայտարարել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։
Նա նշել է, որ Թեհրանն ի գիտություն է ընդունել Կիևի պարզաբանումները, սակայն ակնկալում է, որ ուկրաինական իշխանություններն իրենց խոսքերը կհաստատեն կոնկրետ գործողություններով։
Իրանը Կասպից ծովում իրանական նավի վրա Ուկրաինայի հարձակման մասին հայտնել էր հուլիսի 25-ին։ Իրանի իշխանությունների տվյալներով՝ հարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մեկը՝ տուժել։ Թեհրանը տեղի ունեցածն անվանել էր միջազգային իրավունքի խախտում և Կիևին մեղադրել հակամարտության էսկալացիայի մեջ։ Բացի այդ, Իսլամական Հանրապետության իշխանությունները Ուկրաինային սպառնացել էին պատասխան գործողություններով, իսկ Թեհրանում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին կանչել էին Իրանի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի հուշագիր էին հանձնել։
ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին լայնածավալ ռազմական գործողություններ էին սկսել Իրանի դեմ։ Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել, որը նախատեսում էր բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցում։ Հուլիսի 8-ի գիշերն ԱՄՆ-ն վերսկսել էր լայնածավալ հարվածներն Իրանին՝ Թեհրանին մեղադրելով Հորմուզի նեղուցին վերաբերող պայմանավորվածությունների խախտման մեջ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը և Վոլոդիմիր Զելենսկին ցանկանում են հակամարտության ավարտի վերաբերյալ գործարք կնքել, սակայն դա երկուստեք զիջումներ է պահանջելու։ Հուլիսի սկզբին նա նույնպես նշել էր, որ Ռուսաստանն ու Ուկրաինան խաղաղություն են ուզում, և մոտ ապագայում «ինչ-որ բան ստացվելու է»։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք: https://armeniatoday.am/hy/world-2/1109787/
© 2026 Armenia Today
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք: https://armeniatoday.am/hy/world-2/1110001/
© 2026 Armenia Today
