ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանի այն հարցին, թե արդյոք ինքը թուրք տեսե՞լ է Ստամբուլում։
«Քննարկումների առիթ դարձավ, և մեր պատգամավորներն արձագանքեցին․ տեսա՝ համացանցում էլ է քննարկվում։ Ուզում եմ, հարգելի գործընկերներ, բոլորիդ կոչ անել՝ ներողամիտ գտնվել, որովհետև պարոն Դավթյանը երիտասարդ, փորձառու, նոր պատգամավոր է, իբրև քաղաքական կարիերայի սկզբում է։ Նորմալ է, ես որևէ խնդիր չեմ տեսնում էդ հարցի մեջ»,- շեշտել է Ռուբինյանը՝ ընդգծելով, որ պարզվել է՝ Դավթյանը մասնակցել է հայ-ադրբեջանական երիտասարդական ինչ-որ հանդիպման, որի ժամանակ հերիք չէ՝ տեսել է ադրբեջանցու, այնուհետև շփվել հետները։
«Ես ուզում եմ Ձեզ ասել, որ դրա մեջ ոչ մի վատ բան չկա, պարոն Դավթյան։ Տեսա՝ լրագրողները հարցնում էին՝ արդարանում եք, պետք չի արդարանալ․ նորմալ է։ Դուք որևէ հանցանք չեք գործել։ Դուք ադրբեջանագետ եք, ուզեցել եք ծանոթացել եք ադրբեջանցու հետ, իմանալ՝ իրենք ինչ են մտածում։ Եվ նորից եմ ասում՝ մի՛ արդարացեք դրա համար»,- հավելել է Ռուբեն Ռուբինյանը։
Նա նաև նշել է․ «Ամեն դեպքում, վերհիշեք՝ էդ ադրբեջանցիների կանտովկեն ինչ ձևի էր, որովհետև մարդ ես, կարող է պարոն Շիրազ Մանուկյանը հարցնի, կարողանաք պատասխանել»։
