ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ համաձայնել է չեղարկել Իրանին հասցվելիք հզոր հարվածը՝ Թեհրանի հետ գործարքի հասնելու համար։
«ԱՄՆ-ն լիակատար մարտական պատրաստության վիճակում է՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողություններ սկսելու այնպիսի ռազմական ուժի և հզորության մասշտաբներով, որպիսիք չեն տեսել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր»,- նշել է նա Truth Social-ում։ «Չնայած դրան՝ Իրանը և Մերձավոր Արևելքի այլ երկրներ խնդրել են մեզ զերծ մնալ հարձակումից, քանի որ համաձայնեցվել էին գործարքի ուրվագծերը,- հավելել է ամերիկացի առաջնորդը։ – Այն կներառեր Հորմուզի նեղուցի անհապաղ ու լիակատար բացումը և Իրանի կողմից միջուկային սպառնալիքի վերացումը»։
«Այս խնդրանքի կապակցությամբ ես համաձայնել եմ չեղարկել հարվածը՝ ի շահ խաղաղության և հանուն Իրանի գոյատևման ու բարգավաճման՝ այն պայմանով, որ մենք կարողանանք արագ գործարք կնքել»,- ընդգծել է Թրամփը՝ հավելելով, որ Իսրայելը «կիսում է այս հանձնառությունը»։
ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին լայնածավալ ռազմական գործողություններ էին սկսել Իրանի դեմ։ Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել, որը նախատեսում էր բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցում։ Հուլիսի 8-ի գիշերն ԱՄՆ-ն վերսկսել էր լայնածավալ հարվածներն Իրանին՝ Թեհրանին մեղադրելով Հորմուզի նեղուցին վերաբերող պայմանավորվածությունների խախտման մեջ։
