ԱՄՆ-ն մշտական հիմունքներով մինչև 20 000 դոլարի վիզային գրավ է սահմանում – armeniatoday.am

ԱՄՆ-ն օգոստոսի 3-ից մշտական հիմունքներով կսկսի մինչև 20 000 դոլարի չափով գրավ գանձել Միացյալ Նահանգներում գտնվելու ժամկետները խախտող երկրների քաղաքացիներից՝ զբոսաշրջային և բիզնես վիզաների դիմումներ ներկայացնելիս, հայտնում է Պետդեպարտամենտը։ 

Միացյալ Նահանգները վիզա ստանալու դիմողների համար գրավի պիլոտային ծրագիրը գործարկել էր նախորդ տարվա օգոստոսին։ Այն նախատեսված էր 12 ամսվա համար և վերաբերում էր զբոսաշրջային (B-2) կամ բիզնես (B-1) վիզաներին։

Ծրագիրը հնարավորություն էր տալիս հյուպատոսություններին իրենց հայեցողությամբ պահանջել 5000, 10 000 կամ 15 000 դոլարի գրավ, որը վերադարձվում է ԱՄՆ-ից մեկնելիս։

«Օտարերկրյա քաղաքացուց, ով դիմում է գործնական կամ զբոսաշրջային նպատակներով երկիր կարճաժամկետ այցելության վիզա ստանալու համար (B-1/B-2 կատեգորիաներ), կարող է պահանջվել վճարել գրավ («վիզային գրավ»)՝ որպես ոչ ներգաղթային կարգավիճակի պահպանման և սահմանված կարգով երկրից մեկնելու երաշխիք։ Հյուպատոսական աշխատակիցները կարող են համապատասխան ոչ ներգաղթային վիզաների համար դիմողներից պահանջել մինչև 20 000 դոլարի չափով գրավ՝ որպես վիզայի տրամադրման պայման՝ իրենց իսկ հայեցողությամբ»,- նշված է Պետդեպի թարմացված ծանուցման մեջ։

Ցանկում ընդգրկվել է 50 երկիր, որոնց քաղաքացիներից կարող են գրավ գանձել վիզայի դիմում ներկայացնելիս. դրանցից 30-ն աֆրիկյան պետություններ են, ինչպես նաև Ղրղզստանը, Տաջիկստանը և այլն։ Ցանկում չեն ընդգրկվել Հարավային Կովկասի երկրները՝ Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը, ինչպես նաև Թուրքիան և Ռուսաստանը։

ՌԲԿ-ն, հղում անելով The New York Times-ը հայտնել էր, որ ԱՄՆ ներգաղթի ծառայության աշխատակիցներն օդանավակայաններում սկսել են ձերբակալել ժամկետանց ամերիկյան վիզաներ ունեցող օտարերկրացիներին, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքացիների ամուսիններին։ Մարդկանց ձերբակալում են անմիջապես հաշվառման սեղանների և ժամանման գոտու ելքերի մոտ։ Վերջին շաբաթներին նման ստուգայցեր են իրականացվել առնվազն 15 օդանավակայանում։

«Գործող վարչակազմն ամեն ինչ անում է, որպեսզի մեր երկրում ապօրինի գտնվող օտարերկրացիներն այլևս չկարողանան ինքնաթիռներով թռչել՝ բացառությամբ հայրենիք կամավոր վերադառնալու նպատակով երկրից մեկնելու դեպքերի»,- հայտարարել են Ներքին անվտանգության նախարարությունում։

Leave a Comment