ԱՄՆ-ն մտադիր է առաջիկա շաբաթներին վերսկսել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացը, ՌԲԿ-ի փոխանցմամբ՝ Fox News-ի եթերում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը դիվանագիտական ջանքեր կգործադրի՝ պարզելու կողմերի՝ բանակցությունների սեղան վերադառնալու հնարավորությունը։ Միևնույն ժամանակ՝ նա նշել է, որ համաձայնության հասնելուն խանգարում են խիստ «կարմիր գծերը», որոնք պահպանվում են հակամարտող երկու կողմի մոտ։
«Մենք հասկանում ենք նաև, որ երկու կողմն էլ բավականին հստակ «կարմիր գծեր» ունեն, և քանի դեռ մեզ չի հաջողվել մի փոքր մոտեցնել այդ «կարմիր գծերը», մենք չենք հասնի ցանկալի արդյունքի, բայց պատրաստ ենք դրան»,- հայտարարել է Ռուբիոն։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը և Վոլոդիմիր Զելենսկին ցանկանում են հակամարտության ավարտի վերաբերյալ գործարք կնքել, սակայն դա երկուստեք զիջումներ է պահանջելու։ Հուլիսի սկզբին նա նույնպես նշել էր, որ Ռուսաստանն ու Ուկրաինան խաղաղություն են ուզում, և մոտ ապագայում «ինչ-որ բան ստացվելու է»։
