Բելառուսի հետ սահմանին գտնվող միակ գործող անցակետով ավտոմոբիլային երթևեկությունը Ռիգայի որոշմամբ լիովին դադարեցվել է հինգշաբթի ուշ երեկոյան, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է Բելառուսի պետական մաքսային կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Լատվիական կողմի որոշմամբ՝ հուլիսի 31-ին, ժամը 23:00-ից բելառուսա-լատվիական սահմանի միակ գործող «Գրիգորովշչինա» անցակետով երթևեկությունը լիովին դադարեցվել է և մինչ օրս չի վերականգնվել։ Նախօրեին այդ մասին տեղեկացրել էր Լատվիայի ներքին գործերի նախարարը՝ վկայակոչելով տեխնիկական պատճառները։ Իրավիճակի փոփոխության մասին լրացուցիչ կտեղեկացվի»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ուրբաթ օրը Լատվիայի ՆԳ նախարար Յանիս Դոմբրավան X սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ տեխնիկական պատճառներով երկրների միջև սահմանը փակ է։ Նա նաև կոչ էր արել նրանց, ովքեր դեռ չեն վերադարձել Լատվիա, օգտվեն այլ երթուղիներից։
Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեի տվյալներով՝ Մոսկվայի ժամանակով ժամը 08:00-ի դրությամբ՝ «Գրիգորովշչինա» անցակետում հանրապետությունից Լատվիա ելքի է սպասում 10 բեռնատար ավտոմեքենա։
Բելառուսի և Լատվիայի սահմանին տեղակայված է երկու անցակետ, որոնցից գործում է միայն մեկը՝ «Գրիգորովշչինա»-ն (լատվիական կողմից՝ «Պատերնիեկի»)։
