«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, կալանքի տակ գտնվող Գագիկ Ծառուկյանի դուստրը՝ ակնաբույժ Էմմա Ծառուկյանը, մեկնաբանել է հոր ունեցվածքը բռնագրավելու փորձերը։
Նա նշել է, որ իշխանությունները կարող են ձեռք տալ նրա ստեղծածին, դռներ փակել, անուններ փոխել, փորձել մարդուն հեռացնել իր իսկ կառուցածից, բայց մի բան չեն կարող՝ վերցնել նրա թողած հետքը։
«Որովհետև մարդու ամենամեծ ունեցվածքը ոչ թե այն է, ինչ գրված է թղթի վրա, այլ այն, ինչ գրված է մարդկանց հիշողության մեջ։ Իսկ այդ ստեղծածը ոչ մի որոշմամբ չեն խլում, ոչ մի թղթով չեն ջնջում։ Որովհետև կան բաներ, որոնց սեփականատերը ոչ թե թուղթն է որոշում, այլ ժամանակը, մարդկանց հիշողությունն ու Աստված»,- գրել է Ծառուկյանի դուստրը։
Նա հիշեցրել է, որ հայրն իր անունը պատրաստի չի ստացել, նա այն կառուցել է տարիներով։ «Որովհետև երբ մարդու ստեղծածին փորձում են ձեռք տալ, իսկ մարդիկ շարունակում են հիշել նրա արած բարին, հասկանում ես՝ նա իր կյանքի ամենակարևոր հարստությունն արդեն ստեղծել է»,- նշել է նա։
Նա հույս է հայտնել, որ «այս օրերն էլ անցյալ են դառնալու, այսօրվա աղմուկն էլ է լռելու»։ «Եվ ժամանակը յուրաքանչյուրին թողնելու է իր արածի կողքին։ Ես հավատում եմ՝ Աստված բացելու է այն դուռը, որը մարդիկ փակեցին, ու հայրս ազատության մեջ շարունակելու է այն ճանապարհը, որի վրա դեռ Աստծուց տրված շատ գործ ունի անելու»,- հավելել է նա։
