Պաշտոնյաների կրիպտոարժույթները նվազել են 25%-ով․ ինչու են դատարկվել նրանց կրիպտոքսակները

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հայտարարագիր ներկայացրած 6,214 պաշտոնյայից 2025-ին կրիպտոարժույթ է հայտարարագրել 143-ը։ Նրանց պատկանող ակտիվները տարեսկզբին կազմում էին ավելի քան 3 միլիոն դոլար, սակայն տարեվերջին դրանք նվազել են 25%-ով՝ դառնալով 2.3 մլն դոլար։ Ինչպե՞ս է ստացվել, որ որոշ պաշտոնյաներ կորցրել են հարյուր հազարավոր դոլարներ, իսկ ոմանց ակտիվները, հակառակը, ավելացել են։

Ովքե՞ր են ամենահարուստը՝ կրիպտոարժույթով

Կրիպտոարժույթով ամենահարուստ պաշտոնյան Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանն է։ Տարեսկզբին նրա կրիպտոարժույթները գնահատվում էին 711,510 դոլար, սակայն տարեվերջին այդ կարողությունը կրճատվել է 8.35%-ով։

Նրա ակտիվների հիմնական մասը բիթքոինն ու էթերիումն են։ Տարվա ընթացքում 7 բիթքոինն ավելացել է 0.2-ով, իսկ 4.5 էթերիումի քանակը մնացել է նույնը։ Այնուամենայնիվ, էթերիումի գնանկման հետևանքով նրա 15 հազար դոլարանոց ակտիվը տարեվերջին նվազել է 1,640 դոլարով։

Ջիվանյանի հաշվից տարեվերջին «անհետացել են» մի քանի կրիպտոարժույթներ․ ամենախոշորը 9,821 Fasttoken-ն է (FTN), որը տարեսկզբին արժեր մոտ 35 հազար դոլար։ Հայտարարագրից, սակայն, պարզ չէ՝ պաշտոնյան վաճառե՞լ է դրանք, թե՞ փոխանակել այլ ակտիվով։ Նշենք, որ Ֆասթթոքենը ստեղծել են «Սոֆթ Կոնստրակտ» փակ բաժնետիրական ընկերության հիմնադիրներ Վիգեն և Վահե Բադալյանները։

Ջիվանյանը նախորդ տարի Հետքի հետ զրույցում նշել էր․ «Իմ ստեղծած կրիպտոարժույթը փոխարինել եմ այլ կրիպտոարժույթով, մասնավորապես՝ բիթքոինով: Ես եղել եմ ֆիրոյի տեխնոլոգիան ստեղծողը: Ես ոչ թե սեր ունեմ կրիպտոարժույթների նկատմամբ, այլ կրիպտոգրաֆեր գիտնական եմ և եղել եմ բիզնեսմեն՝ ստեղծելով կրիպտոգրաֆիայի հիման վրա արտադրանքներ կամ ալգորիթմներ դեռևս 2010-ից»։

1 (1).jpg (253 KB)2 (2).jpg (278 KB)

Երկրորդ ամենաշատ կրիպտոարժույթ հայտարարագրած պաշտոնյան Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն է։ Ավինյանը հայտարարագրել է երեք տեսակի կրիպտոարժույթ, որոնց ընդհանուր արժեքը տարեսկզբին եղել է 445,584 դոլար, իսկ տարեվերջին աճել է 11%-ով՝ կազմելով 494,096 դոլար։ 

Իր կրիպտոարժույթների մասին խոսելիս Ավինյանը նշել էր, որ իր կրիպտոարժույթների աղբյուրը մայնինգն է [1]: 2025 թվականի իր հայտարարագրում Ավինյանը նշել է, որ 26 մլն 523 հազար դրամ եկամուտ է ստացել մայնինգի միջոցով։ Նա տարեսկզբին ուներ 4.57 բիթքոին, որը տարեվերջին ավելացել է 0.84-ով, ինչը, ենթադրաբար, հենց մայնինգի արդյունքում ստացված եկամուտն է՝ բիթքոինի տեսքով։

Արամ Ջիվանյանն ու Տիգրան Ավինյանը եղել են առաջին երկու ամենաշատ կրիպտոարժույթ հայտարարագրած պաշտոնյաները թե՛ 2025-ի տարեսկզբին, թե՛ տարեվերջին։ Այս երկու պաշտոնյաներին է պատկանել հայտարարագրված ընդհանուր կրիպտոարժույթների 38%-ը տարեսկզբին և 50%-ը՝ տարեվերջին: Տարեվերջին ընդհանուրի մեջ նման կշիռ ունենալը պայմանավորված է այն հանգամանքով, որ մյուս պաշտոնյաներից շատերի պարագայում կրիպտոարժույթի կտրուկ նվազումներ ու վաճառքներ են եղել, իսկ այս երկու պաշտոնյաները, հիմնականում, պահպանել են իրենց կրիպտոարժույթները։  

Ցուցակի երրորդ տեղում Ազգային ժողովի փոխնախագահ  Հակոբ Արշակյանի խորհրդական Սերգեյ Մուրադյանն է, ով տարեսկզբին ուներ 268,919 դոլարի կրիպտոարժույթ։ Նրա 26,112 դոլարի բիթքոինն ու 3,409 դոլարի էթերիումը տարվա ընթացքում չնչին չափով նվազել են (համապատասխանաբար՝ 219 և 256 դոլարով)՝ փոխարժեքի տատանման հետևանքով։

Մուրադյանի ակտիվների առյուծի բաժինը՝ մոտ 239 հազար դոլարը (2025-ի հունվարի փոխարժեքով՝ 95 մլն դրամ), եղել է ֆասթթոքենի տեսքով, որի մնացորդը տարեվերջին զրոյացել է։ Պաշտոնյան հայտարարագրել է Fastex Exchange հարթակից ստացված մոտ 30 մլն դրամի եկամուտ։

Կրիպտոդրամապանակներում առկա գումարից բացի, պաշտոնյաները հայտարարագրում են նաև իրենց պատկանող կրիպտոարժույթը, որը գտնվում է երրորդ անձի դրամապանակում։ Մուրադյանի հայտարարագրի համաձայն՝ 2025-ի տարեսկզբին այլ կրիպտոադրամապանակում իրեն պատկանող  56,334 դոլարի ֆասթթոքեն է ունեցել, իսկ տարեվերջին՝ 158,536 դոլարի այլ տիպի կրիպտոարժույթներ։

Ինչո՞ւ պաշտոնյաների FTN-ը նվազեց 98.3%-ով

2025 թվականի տարեսկզբին պաշտոնյաների շրջանում ամենատարածված կրիպտոարժույթը ֆասթթոքենն էր։ 32 պաշտոնյա այս արժույթն է հայտարարագրել՝ ընդհանուր 776,680 դոլար արժողությամբ։ Տարեվերջին, սակայն, FTN ունեցողների թիվը կրճատվել է՝ հասնելով 18-ի, իսկ դրանց ընդհանուր արժեքը նվազել է  98.3%-ով՝ կազմելով ընդամենը 12,934 դոլար։

Այս կտրուկ անկման պատճառը թոքենի գնանկումն էր․ եթե սեպտեմբերին 1 FTN-ն արժեր մոտ 4.5 դոլար, նույն ամսում այն նվազեց մինչև 2 դոլար, իսկ դեկտեմբերին արդեն ցածր էր 0.5 դոլարից։ Արդյունքում՝ 32 պաշտոնյայից 14-ի հաշվին տարեվերջին ֆասթթոքեն չէր մնացել, թեև հայտարարագրերից չի երևում, թե երբ և ինչ գնով են դրանք վաճառվել։

Ֆասթթոքեն ամենաշատը հայտարարագրել է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը՝ տարեսկզբին 250,000 դոլարին համարժեք, իսկ տարեվերջին՝ 0 դոլարի։ Սերգեյ Մուրադյանն ամենաշատ ֆասթթոքեն հայտարարագրած երկրորդ պաշտոնյան է (Մուրադյանի մասին կարդացեք տեքստի նախորդ բաժնում)։ Երրորդ ամենաշատ ֆասթթոքեն հայտարարագրած պաշտոնյան Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի նախկին տեղակալ Դավիթ Խաչատրյանն է՝ 131 հազար դոլարին համարժեք։

5.jpg (357 KB)

Ո՞ր կրիպտոարժույթներն են առավել տարածված [2] պաշտոնյաների շրջանում

Ֆասթթոքենից հետո երկրորդ ամենատարածված կրիպտոարժույթը XRP-ն է (իքսարփի), որից տարեսկզբին հայտարարագրել էր 26 պաշտոնյա, իսկ տարեվերջին եղել է ամենատարածվածը՝ 28 պաշտոնյա հայտարարագրել է այդ կրիպտոարժույթից։ Տարածված կրիպտոարժույթներից են նաև էթերիումը և SHIB-ը (Շիբ), յուրաքանչյուրից տարեսկզբին ունեցել է 24 պաշտոնյա, իսկ տարեվերջին էթերիում ունեցողների թիվն աճել է երկուսով։ Բիթքոին ունեցողների թիվը տարեսկզբին 19-ն էր, իսկ տարեվերջին՝ 22։ 

Թեև բիթքոինը պաշտոնյաների շրջանում ամենատարածվածը չէ, այն առաջատարն է ընդհանուր արժեքով։ Տարեսկզբին միայն բիթքոին հայտարարագրած 14 պաշտոնյաների ակտիվները կազմում էին 1 միլիոն 416 հազար դոլար։ Տարեվերջին այս ցուցանիշը գրեթե չի փոխվել՝ նվազելով ընդամենը 15 հազար դոլարով։

Ո՞ր պետական մարմինների պաշտոնյաներն են հետաքրքրված կրիպտոարժույթով

Գործադիր իշխանության, որի կազմում են նախարարությունները, վարչապետին ենթակա և այլ մարմիններ, 2,567 հայտարարագիր լրացրած պաշտոնյայից 85-ն է կրիպտոարժույթ ունեցել, մոտ 1,346,915 դոլարին համարժեք, իսկ տարեվերջին՝ 918,898 դոլարին համարժեք։ 

Ինքնավար և անկախ մարմիններից են Քննչական կոմիտեն, Դատախազությունը, Հաշվեքննիչ պալատը և այլ մարմիններ։ Այստեղ աշխատող և հայտարարագիր լրացրած 1,396 պաշտոնյաներից 25-ը տարեսկզբին ունեցել է 62,173 դոլարին համարժեք կրիպտոարժույթ, իսկ տարեվերջին` 54,256 դոլարին համարժեք։ 

Դատական իշխանության 720 հայտարարատուներից 12-ն ունեցել է 211,647 դոլարին համարժեք կրիպտոարժույթ, իսկ տարեվերջին՝ մոտ 150 հազար դոլարին համարժեք։ Ամենաշատը հայտարարագրել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի օգնական Հայկ Քամալյանը՝ տարեսկզբին 140,000 դոլարի USDT (կայուն քոին, որի արժեքը հավասար է մեկ դոլարի), իսկ տարեվերջին՝ 90,000։ Այսինքն, տարվա ընթացքում նա իր հաշվից մոտ 50,000 դոլար է դուրս բերել։ Մյուս մարմինների վերաբերյալ մանրամասները տես ինֆոգրաֆիկաներում։

1 (1).jpg (253 KB)4 (1).jpg (314 KB)

Ամփոփելով՝ 2025 թվականի ընթացքում 143 պաշտոնյա հայտարարագրել է 3 մլն 44․4 հազար դոլարին համարժեք կրիպտոարժույթ, իսկ դրանց ընդհանուր արժեքը տարեվերջին նվազել է 25%-ով։ Այդ նվազման մեծ մասը մեկ կրիպտոարժույթի՝ ֆասթթոքենի գնի անկման և պաշտոնյաների կողմից այն վաճառելու հետևանք է։

[1]Կրիպտոշուկայում բանկեր չկան, որոնք կգրանցեն փոխանցումները։ Դա անում են հատուկ սարքավորումները՝ ստուգելով փոխանցումների իսկությունը և գրանցելով դրանք բլոկչեյնում։ Այդ իրավունքի համար սարքավորումները մրցակցում են միմյանց հետ, և գրանցումն իրականացնողը վարձատրվում է նոր թողարկված մետաղադրամներով։ Այս գործընթացը կոչվում է մայնինգ, և հենց դրա միջոցով են նոր բիթքոիններ մտնում շրջանառության մեջ։

[2] 2025 թվականի տարեսկզբին՝ 13, իսկ տարեվերջին 18 պաշտոնյաներ իրենց մեկից ավելի կրիպտոարժույթները լրացրել են մեկ տողում և նշել գումարի ընդհանուր չափ, արժեքը՝ արտահայտված դոլարով կամ դրամով։ Կրիպտոարժույթների տեսակներն այս պարագայում դասակարգվել են եւ ավելացվել այդ տեսակի թվին, իսկ գումարը ներառվել է ընդհանուր գումարի մեջ։ Օրինակ՝ տարեսկզբին 14 պաշտոնյա հայտարարագրել է ընդհանուր 1,415,582 դոլարին համարժեք բիթքոին, բայց ևս 5 պաշտոնյա հայտարարագրել է բիթքոին մի քանի այլ կրիպտոարժույթների հետ միասին և նշել մեկ ընդհանուր գումար։ Այս պարագայում կրիպտոարժույթի տարածվածությունը որոշելու համար մենք ներառել ենք նաև այդ 5 պաշտոնյաներին, բայց թե որքան ունեն նրանք, հնարավոր չէ որոշել, ուստի որպես ընդհանուր հայտարարագրված չափ նշվել է 14-ի արժեքը։ Այն պաշտոնյաները, որոնք մի քանի կրիպտոարժույթի համար նշել են մեկ ընդհանուր գումար, այդ թիվը ներառվել է ընդհանուր թվի մեջ։ Այդպես տարեսկզբի ընդհանուր 3,044,397 դոլարի մեջ ներառված է 233,865 դոլար։

Տվյալները հավաքվել են 2026 թվականի հունիսի 16-ին
Գլխավոր նկարը պատրաստվել է ԱԲ գործիքով



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment