«Մուլտի Ուելնես» մարզաառողջարանային համալիրի գլխավոր տնօրեն Արման Փիրոյանը հայտարարություն է տարածել՝ պնդելով, որ Երևանի քաղաքապետարանն ապօրինաբար տիրացել է համալիրի շարժական գույքին։
Նրա խոսքով՝ քաղաքապետարանը, «Մուլտի Ուելնես Կենտրոնին» պատկանող անշարժ գույքն իր սեփականությունը հռչակելուց հետո հայտարարել է, որ մարզաառողջարանային համալիրը վերաբացվել է և գործելու է «Երևան Ուելնես Սենթր» անվամբ։
Փիրոյանը նշել է, որ համալիրում գտնվող ամբողջ շարժական գույքը՝ մարզասարքերն ու սպորտային գույքը, կահույքը, օդափոխման և հովացման համակարգերը, համակարգչային տեխնիկան, լվացքի մեքենաները, խոհանոցային գույքը, հեռուստացույցները և այլ սարքավորումներ, պատկանում են «Մուլտի Ուելնեսին» և դուրս չեն բերվել տարածքից։
«Հայտարարում ենք, որ Երևանի քաղաքապետարանն ապօրինաբար խլել է «Մուլտի Ուելնես Կենտրոնի» ամբողջ շարժական գույքը, տիրացել այդ գույքին և անհատույց օգտագործման է հանձնել իր ստեղծած «Երևան Ուելնես Սենթր» կազմակերպությանը»,- ասվում է հայտարարության մեջ։
Փիրոյանը նաև դիմել է Երևանի քաղաքապետարանին՝ պահանջելով հրապարակայնորեն պարզաբանել, թե իրավական ի՞նչ հիմքով է օգտագործում իրեն չպատկանող գույքը և ի՞նչ հիմքով է այն վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»։
Փիրոյանն Armenia Today-ին հայտնել էր, որ ո՛չ քննիչի, ո՛չ դատարանի կողմից որևէ որոշում չի ստացել և չի կարող հստակ ասել, թե ինչ է կատարվում ընկերությունում։
Հուլիսի 31-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ «Մուլտի Ուելնես» համալիրը, որը նախկինում պատկանում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կալանավորված առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, վերաբացվել է նոր անվամբ։
Համալիրը Երևանի քաղաքապետարանի սեփականությունն էր դարձել հուլիսի 16-ին։ Ավինյանը պնդում է, որ շենքը կառուցվել է անօրինական կերպով քաղաքային հողի վրա, որն օտարման ենթակա չէր։ Համապատասխան պայմանագրի դադարեցումից հետո համալիրը դարձել է համայնքի սեփականությունը։
Հուլիսի 6-ի առավոտյան Ծառուկյանի բնակարանում, ինչպես նաև ավելի քան 70 ընկերությունում խուզարկություններից հետո նրան ձերբակալել էին, հուլիսի 7-ին՝ կալանավորել։ «Մուլտի Ուելնեսը», ի թիվս Ծառուկյանի բազմաթիվ այլ ընկերությունների, կապարակնքվել էր այս խուզարկություններից հետո։ Մարզասրահի աշխատակիցներն այն բացելու ակցիա էին իրականացրել։
Ծառուկյանի ձեռարկությունները շարունակում են փակ մնալ, զուգահեռ իրականացվում են ակցիաներ՝ դրանք բացելու պահանջով, «Արարատցեմենտ» ընկերությունը դատարանը հանձնել էր պետության կառավարմանը։
