Գինու արտահանումից Հայաստանի եկամուտների գրեթե 70%-ն ապահովում են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները, և դրանից դուրս գալը կարող է հարվածի տակ դնել հայկական գինու առևտուրը, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում ազգային վիճակագրական ծառայությունների տվյալները։
Ըստ ուսումնասիրության՝ հայկական ընկերությունները 2025 թվականի արդյունքներով համաշխարհային շուկա են արտահանել 18,7 միլիոն դոլարի գինի։ Դրա գլխավոր գնորդն է դարձել Ռուսաստանը՝ 12,8 միլիոն դոլարի մասնաբաժնով։
Հայաստանից գինի են ներկրել նաև ԵԱՏՄ անդամ այլ երկրներ. Բելառուսը՝ 122,2 հազար դոլարի և Ղազախստանը՝ 57,2 հազար դոլարի։
Այսպիսով, ընդհանուր առմամբ Միության երկրները գնել են 13 միլիոն դոլարի հայկական գինի, այսինքն՝ նրանց բաժին է ընկել արտահանման ողջ եկամուտների 69,6%-ը։
Բացի ԵԱՏՄ-ից, խոշոր գումարների գինի են ներկրել նաև ԱՄՆ-ն (1,5 միլիոն դոլար) և Կյուրասաոն (1,1 միլիոն դոլար)։ Այս երկրները, Ռուսաստանի հետ միասին, 2025 թվականին կազմել են հայկական գինիների խոշորագույն գնորդների եռյակը։
Հուլիսի 29-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատել էր ԵԱՏՄ-ն: Նա հայտարարել էր, որ հայկական ապրանքների Ռուսաստան մատակարարման սահմանափակումները վկայում են Միության փաստացի «կաթվածահարության» մասին:
Մայիսի վերջից և հունիսի սկզբից «Ռոսսելխոզնադզորն» արգելել էր Հայաստանից ծաղիկների, մրգերի, բանջարեղենի և չրերի ներմուծումն ու տարանցումը ՌԴ, ինչպես նաև պահանջել էր կասեցնել ձկնամթերքի և ձկան անասնաբուժական սերտիֆիկատների ձևակերպումը և հայտնել անորակ ալկոհոլային արտադրանքի հայտնաբերման մասին։ Սահմանափակումները կգործեն մինչև հայկական կողմը մշակի անվտանգության ապահովման համապատասխան ընթացակարգ։
Այս ֆոնին Հայաստանի իշխանությունները հունիսի սկզբին հայտարարել էին այլ երկրներ արտահանման հնարավորության և ՌԴ սահմաններից վերադարձվող ապրանքների սուբսիդավորման մասին։ Միաժամանակ, Երևանից ընդգծել էին, որ նպատակ չունեն ռուսական շուկայից արտահանումը վերաուղղել դեպի Եվրոպա։