Բյուրեղավանում աղիքային վարակի պատասխանատուները հերքում են պատճառները․ ԶԼՄ

Բյուրեղավանում աղիքայի վարակի երկրորդ բռնկման ֆոնին բնակիչները բախվում են առողջական խնդիրների և ֆինանսական կորուստների, իսկ պատասխանատու գերատեսչությունները սահմանափակվում են փոխադարձ հերքումներով, գրել է «Հետք»-ը։

Տեղի ունեցած զանգվածային թունավորումներից 2,5 ամիս անց՝ հուլիսի 17-ին, քաղաքում աղիքային վարակի նոր ալիք է բարձրացել։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը պնդում է, որ ջրում որևէ շեղում չկա, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարում է, որ ահազանգ չի ստացել, իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սլաքներն ուղղում է այլ պետական օղակների ուղղությամբ։ Մյուս կողմից՝ ՀՀ քննչական կոմիտեն երկու առանձին քրեական վարույթ է նախաձեռնել, սակայն ապրիլից մինչև հիմա փորձաքննության եզրակացություն և մեղադրյալներ չկան, գրել է լրատվականը։

Կայքի տեղեկությամբ՝՝ հուլիսի 17-ին աղիքային վարակի նոր դեպքերից հետո համայնքապետարանը բյուրեղավանցիներին կոչ է արել ծորակից ջուր չխմել կամ օգտագործել բացառապես եռացնելուց հետո։ Բնակիչները շուրջ 2,5 ամիս ստիպված են խանութի ջուր օգտագործել․ 4 հոգանոց ընտանիքները օրական գնում են 3-4 հատ 5 լիտրանոց տարայով ջուր՝ ճաշ պատրաստելու, միրգն ու բանջարեղենը լվանալու համար, ինչը լրացուցիչ ֆինանսական բեռ է դարձել։

Բացի այդ, բնակիչները դժգոհում են ջրամատակարարման սահմանված 11-ժամյա գրաֆիկի պարբերական խախտումներից։

Բյուրեղավանի պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկ Վազգեն Շուշանյանը պարբերականին ներկայացրել է հուլիսի 17-ից արձանագրված պաշտոնական վիճակագրությունը՝ 51 կանչ, 8 հոսպիտալացում։ Նրա գնահատմամբ՝ տեղի ունեցածը նման է վիրուսի, այլ ոչ թե ջրային բռնկման։

Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը, ընդհակառակը, կարծում է, որ պատճառը նույնն է, ինչ ապրիլին, քանի որ վարակի բուն աղբյուրն այդպես էլ չհայտնաբերվեց ու չվերացվեց։ Նա նշել է, որ Նուռնուսի նույն աղբյուրից ջուր ստացող Ջրաբեր գյուղում նման խնդիրներ չկան, ուստի աղբյուրի գործոնը բացառում է։ Համայնքի ղեկավարի խոսքով՝ ահազանգերից հետո տեղեկացրել են «Վեոլիա Ջուր» ընկերությանն ու Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին (ՀՎԿԱԿ), իրականացվել են նմուշառումներ։

Հուլիսի 29-ին հրավիրվել է ավագանու արտահերթ նիստ՝ «Վեոլիա Ջուր»-ի և Ջրային կոմիտեի մասնակցությամբ՝ քննարկելու նոր ջրագծերի կառուցման և գրաֆիկի կարգավորման հարցերը։  ՓԲԸ-ն հայտնել է, որ թե՛ ապրիլին և թե՛ հուլիսին իրականացված լաբորատոր հետազոտություններով ջրում որևէ շեղում չի հայտնաբերվել, իսկ մատակարարվող ջուրը գտնվում է շուրջօրյա վերահսկողության ներքո։ Ընկերությունը, սակայն, չի հստակեցրել, թե որ լաբորատորիան է իրականացրել փորձաքննությունը։

 

Leave a Comment