«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանում աճեցված ձուկը ապահովում է արտահանման բարձր որակ և դրա շնորհիվ տեղական արտադրողը կարողացել է դուրս ցալ ռուսական շուկա։
Այս մասին, արձագանքելով Armenia Today-ի խնդրանքին մեկնաբանել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ՌԴ սահմնափակումների ֆոնին հայկական արտադրանքի ձկան որակի մասին, ասել է նա։
Փաշինյանը, հուլիսի 30-ին կառավարության նիստում հայտարարել էր, որ տևական ժամանակ չի սպառում տեղական աճեցված ձուկը, քանի որ, նրա գնահատմամբ, ոլորտում առկա են որակի խնդիրներ։
Կարապետյանը հակադարձել է վարչապետին, ասելով որ եթե այդպես է, ինչպես է հայ ձկնաբույծներին հաջողվել է արտահանում կազմակերպել դեպի ՌԴ՝ չնայած ծովային ելքի բացակայությանն ու Վերին Լարսի անցակետով իրականացվող բարդ լոգիստիկային։
«Պատկերացրեք, դեպի ծով ելք չունեցող երկիր լինելով՝ կարողացել ենք ձուկ վաճառել Ռուսաստանին, որն ունի յոթ-ութ ծով և լճերի հսկայական պաշարներ։ Հայ ձեռնարկատերը կարողացել է Հայաստանից, «Վերին Լարսով», հսկայական դժվարություններով ձուկը հասցնել այնտեղ և տասնյակ միլիոնների վաճառք իրականացնել։ Ու այս մարդկանց ոչ մի շնորհակալական խոսք չի ասվել։ Փոխարենն ասում են՝ ձուկը վատն է»,- նշել է Կարապետյանը։
Նշենք, որ Ռուսաստանի ափերը ողողում է 13-15 ծով, ավելի քան 2 միլիոն լիճ։
Փաշինյանը նաև դժգոհել էր ձկնաբուծության ոլորտում առկա հնարավոր ստվերային շրջանառության վերաբերյալ։
Նրա տվյալներով՝ ձկնարտադրողների տարեկան հարկային հավաքագրումները կազմում են 2,5-3 մլրդ դրամ, ինչն անհամաչափ է արտեզյան ջրային ռեսուրսներին հասցվող վնասի համեմատ։
Կառավարության ղեկավարի գնահատմամբ՝ անհրաժեշտ է վերանայել ոլորտի տնտեսական արդյունավետությունն ու արտահանման նպատակահարմարությունը դեպի ջրային հարուստ ռեսուրսներ ունեցող երկրներ։
«Կամ այստեղ ահավոր մեծ ստվեր կա, կամ էլ մենք ասում ենք՝ համաշխարհային ջրերի կեսին տիրապետող երկրին մենք ձուկ ենք արտահանում, պետք է սրա կշիռը հասկանանք»,- հայտարարել էր վարչապետը։
Չնայած սրան՝ կառավարությունը հաստատել է պետական աջակցության ծրագիր այն ձկնաբուծարանների համար, որոնք դժվարությունների են բախվել Ռուսաստանի կողմից հայկական ձկան ներմուծման սահմանափակումներից հետո։
Ծրագրով նախատեսվում է 450 միլիոն դրամ հատկացնել Արարատի և Արմավիրի մարզերի արդյունաբերական ձկնաբուծարաններին։
Պետությունը կփոխհատուցի 2026 թվականի առաջին կիսամյակում ձեռք բերված կերի միջին ամսական արժեքի 20%-ը։ Աջակցությունից կարող են օգտվել ԱԱՀ վճարող այն տնտեսությունները, որոնք օգտագործում են ԵԱՏՄ և ԵՄ չափանիշներին համապատասխանող սերտիֆիկացված կեր։
Կառավարության տվյալներով՝ Հայաստանում տարեկան արտադրվում է շուրջ 24 հազար տոննա ապրանքային ձուկ, որի ավելի քան 40%-ն արտահանվում է հիմնականում Ռուսաստան։ Պետական աջակցության դիմումներն ընդունվելու են մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը։
