Փրկարարները Պակիստանի Բրոդ Փիք լեռան վրա ձնահյուսից հետո անհետացած 10 լեռնագնացների որոնումների ընթացքում հայտնաբերել են չորս մարմին։ Պաշտոնյաների տվյալներով՝ չնայած եղանակային ծանր պայմաններին, շարունակվում են չորս լեռնագնացների մարմինները դուրս բերելու աշխատանքները։ Աշխարհահռչակ լեռնագնաց Նիրմալ Պուրջան՝ նեպալյան ծագմամբ Մեծ Բրիտանիայի քաղաքացի, որը նախկինում ծառայել է Մեծ Բրիտանիայի բանակում և ծովային հետևակում, գլխավորում էր միջազգային լեռնագնացների խումբը, երբ հինգշաբթի կեսօրին ձնահյուսն իջել է Բրոդ Փիք լեռան վրա։
Նիրմալ Պուրջան հայտնի է դարձել 2019 թվականին, երբ ռեկորդային 189 օրում բարձրացել է աշխարհի 14 ամենաբարձր գագաթները։ Այս նվաճումը ներկայացվել է Netflix-ի «14 գագաթներ. անհնարինը՝ հնարավոր» վավերագրական ֆիլմում։ Պակիստանի ալպինիստական ակումբը հայտնել է, որ կազմակերպության ղեկավարությունը կապի մեջ է պետական կառույցների հետ՝ անհապաղ որոնողափրկարարական գործողություն իրականացնելու համար։ Բրոդ Փիք լեռն ունի 8047 մետր բարձրություն և համարվում է աշխարհի 12-րդ ամենաբարձր գագաթը։ Այն գտնվում է Պակիստանի Կարակորում լեռնաշղթայում, որտեղ տեղակայված են աշխարհի 8000 մետրից բարձր 14 գագաթներից հինգը։
