Վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմում դժգոհ են նրա՝ անակնկալ որոշումների փոփոխությունից, որով լարվածության մեջ է պահում ոչ միայն հանրությանը, այլև իրենց, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը։
Ըստ թերթի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում դժվարանում են հասկանալ վարչապետի քաղաքական և կադրային որոշումների տրամաբանությունը։
Մի շարք նշանակումներ իրականացվում են արագ և առանց նախնական քննարկումների, ինչը թիմում անորոշություն է առաջացնում, պատմել է թերթը։ Լրատվականի տվյալներով՝ վերջին ամիսներին քննարկումների առիթ են դարձել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի շուրջ ստեղծված իրավիճակը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի՝ խորհրդարան տեղափոխվելը, ինչպես նաև այլ կադրային փոփոխություններ։
Թերթի փոխանցմամբ՝ իշխանական շրջանակներում որոշված էր, որ «Արարատցեմենտի» կառավարիչ է նշանակվելու Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը, որն արդեն պատրաստվում էր տեղափոխմանը, սակայն կառավարության նիստից հետո իրավիճակը կտրուկ փոխվել է։
Վարչապետ Փաշինյանը Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին հայտնել է, որ «Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչ է նշանակվելու վարչապետի օգնական, Արագածոտնի նախկին մարզպետ Դավիթ Գևորգյանը։ Իշխանական կուլիսներում սա դիտարկվում է որպես ազդակ, որ Փաշինյանը շարունակում է անձամբ և վերջին պահին վերաձևել թիմի ներսում ազդեցության բաշխումը։
