Դատարանը երկարաձգել է «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ Ալիկ Ալեքսանյանի կալանքը

Դատարանը երկարաձգել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալիկ Ալեքսանյանի կալանքը։

Ալեքսանյանի փաստաբան Լիաննա Գասպարյանը դատական նիստի ընդմիջման ժամանակ հայտարարել է, որ 2 ժամից ավելի հարցեր են ուղղվել քննիչներին, որոնց պատասխանները վերացական էին։

«Որևէ հստակ պատասխան չկա, թե ինչի հիման վրա, ինչ փաստական հիմնավոր տվյալի վրա պետք է Ալիկ Ալեքսանյանին ևս երկու ամիս պահել կալանքի տակ»,- ասել է փաստաբանը։

Անդրադառնալով դատական նիստից ակնկալիքներին, Գասպարյանը շեշտել է, որ Ալեքսանյանը քաղբանտարկյալ է, որի նկատմամբ շատ ավելի խիստ են վերաբերվում։ Այնուամենայնիվ, նա արդարադատության հույս է հայտնել։

Ալեքսանյանին հունիսի 3-ին 2 ամսով կալանավորել էին նախընտրական հավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման ենթադրյալ կասկածով։ Նրան վերագրվող վարույթով հանրային քրեական հետապնդում էր հարուցվել 37 անձի նկատմամբ։

Ալեքսանյանի փաստաբան Լիաննա Գալստյանը ներկայացված մեղադրանքներն «ակնհայտ անհիմն» էր որակել՝ նշելով, որ բացակայում է հիմնավոր կասկածն ինչպես փողերի լվացման, այնպես էլ Քրեական օրենսգրքի մյուս դրվագով։  Նրա խոսքով՝ քրեական վարույթում չկա գեթ մեկ փաստական տվյալ, հարցաքննված շուրջ 150 վկայից որևիցե մեկը չի նշեր, թե իբր Ալեքսանյանն իրեն նյութապես շահագրգռել է, որպեսզի մասնակցի հավաքներին։

Leave a Comment